Ուրբաթ՝ 2019 թւականի դեկտեմբերի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ ղեկավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի: Համերգը նւիրւած էր Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին:

Ծրագրին ներկայ էին՝ քահանայ հայրեր, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց դպրոցների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Երեկոյի բացման խօսքն ընթերցեց երգչախմբի վարչութեան անդամուհի Սիւնէ Յարութիւնեանը, ուր անդրադառնալով Կոմիտասի եւ Թումանեանի կենսագրական գծերին ու բեղմնաւոր գործունէութեանը, նրանց այսպէս բնութագրեց. «Երկու հանճար, Կոմիտաս եւ Թումանեան, որոնք իրենց ծնունդով միաւորեցին Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստանները, գծեցին մեր ժողովրդի հոգեւոր հայրենիքի սահմանները՝ տիեզերքի չափ մեծ ու անծայրածիր»:

Անզուգական համերգում տեղ էին գտել երգչախմբային, մեներգ, զուգերգ եւ տրիօ կատարումներ՝ Կոմիտասի ստեղծագործութիւններից ու Յովհաննէս Թումանեանի խօսքերից: Խմբական կատարումների բաժնում հնչեցին «Անձրեւ եկաւ», «Չինար ես», «Կուտ ու կէս կորեկ ունիմ», «Կուժն առա», «Ուլունք», «Ալագեազ», «Խնկի ծառ», «Շախկր շուխկր», «Ախ ինչ լաւն են», «Համբարձում եայլա» (հատւած անուշ օպերայից), «Գարնան առաւօտ» եւ «Հայրենիքիս հետ» երգերը: «Հայրենիքիս հետ»-ի որոշ բաժինները կատարեցին Արսինէ Մարգարեանը, Վեդի Յարութիւնեանը, Պարոյր Վարդանեանը եւ Ասպետ Մարգարեանը:

Մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը կատարեց «Մոկանց Միրզա», «Հով արէք» եւ «Աշնան երգը» ստեղծագործութիւնները, Արսինէ Մարգարեանը՝ «Քելեր, ցոլեր»-ը, «Քելէ, քելէ» երգը հնչեց Ասպետ Մարգարեանի միջոցով, Արեգա Յարութիւնեանն ու Արգինէ Յովսէփեանը կատարեցին «Երկինքն ամպել է» երգը, իսկ «Վարդը» ստեղծագործութեամբ ելոյթ ունեցան Անասիկ Յովսէփեանը, Արփի Դիլանչեանն ու Սիւնէ Յարութիւնեանը:

Մեներգերի, զուգերգերի եւ տրիօ ելոյթների ընթացքում դաշնամուրի կատարմամբ երգիչներին ընկերակցեց Նայիրա Ալեքսանեանը:

Համերգային երեկոն եզրափակւեց Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի ելոյթով: Նա բարձր գնահատելով երգչախմբի եւ ղեկավարի գործունէութիւնը՝ անզուգական կատարումներով յագեցած երեկոյի մատուցման համար, անդրադարձաւ հայ ժողովրդի երկու մեծերին եւ տիտաններին՝ Կոմիտաս վարդապետին ու Յովհաննէս Թումանեանին՝ յատկապէս նշելով նրանց մատուցած ծառայութիւնները հայ ժողովրդին: Նա թւարկելով նշւած անւանի հայորդիների գործունէութիւնից կարեւորագոյնները՝ յատկապէս շեշտեց, որ Կոմիտաս վարդապետը հայկական երաժշտութեան խազերը համապատասխանեցրել է օրւայ նոտաների հետ, վերակենդանացրել է մահւան դուռը հասած ժողովրդական երգերը եւ Եւրոպայի մէջ փաստել է, թէ հայ ժողովրդի երաժշտութիւնն ինքնուրոյն է, իսկ արտասանելով Յովհաննէս Թումանեանի գրչին պատկանող երկու բանաստեղծութիւնից հատւածներ՝ աւելացրեց, որ միայն կարելի է հիացմունք ապրել նման տիտանի խօսքերով:

Թղթակից (Նոր Ջուղա)