Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների, երեքշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 3-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, գնահատւեցին Հայաստանում կայացած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակից Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի  վեց աշակերտ-ուհիներն ու պատկան ուսուցչական կազմը:

Ուսուցիչներին, մասնակիցներին ու իրենց ծնողներին ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Հանդիպմանը ներկայ էին  նաեւ Թեմական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչները: 

Ընթացքում զրոյց ծաւալւեց օլիմպիադայի շրջագծում տեղի ունեցած մրցոյթների եւ այլ աշխատանքների կապակցութեամբ, ապա շնորհաւորանքի խօսքեր հնչեցին Թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանեանի, Կրթական խորհրդի անդամներ Մինաս Գէորգեանի ու Սաթենիկ Աւետումեանի, ուսուցչուհի եւ աշակերտական խմբին Հայաստանում ընկերակցող Քառոլին Դիլանչեանի ու «Քանանեան-Կատարինեան» դպրոցի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանի կողմից: 

Մասնակիցներն էլ իրենց հերթին հանդէս եկան շնորհակալական խօսքերով, իսկ աշակերտներ Նարինէ Խուդաբախշեանը եւ Վահագն Թահմազեանը ներկայացրին օլիմպիադայի շրջագծում ելոյթ ունեցած իրենց ասմունքն ու երգը: 

Կրթական խորհուրդը փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին յանձնեց յուշանւէր, իսկ աշակերտները պարգեւատրւեցին ոսկեդրամներով:

Յատկանշական է, որ Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը 9-րդ օլիմպիադայի արդիւնքում նւաճել էր մէկ Ա կարգի  եւ երեք Բ կարգի դիպլոմներ, մէկ պատւոգիր՝ ինքնատիպ վերլուծութեան եւ իւրայատուկ մեկնաբանութեան համար, իսկ երգի մրցոյթի արդիւնքում նորջուղայեցի մսանակիցը յաղթող էր ճանաչւել:

Թղթակից (Նոր Ջուղա)