Ուրբաթ՝ 2019 թւականի յունւարի 18-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի «Ս. Նշան» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ  արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, սարկաւագաց դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն, որտեղ աղօթքների եւ շարականների հնչման ներքոյ  ու Ս. Միւռոնի հեղումով օրհնւեց եւ սրբագործւեց ջուրը:

Հոգեպարար կարգին ներկայ էին Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց եւ Ղարղուն գիւղի «Ս. Նշան» եկեղեցու վարչութիւնների  ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ Փերիոյ գաւառի զանազան գիւղերից ժամանած ուխտաւոր ժողովուրդ:

Կարգի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրն ընթերցեց Ս. Ծննդեան տօնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Քրիստոսը՝ աշխարհի լոյսը» խորագրով պատգամը: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց՝ բրշ. Ալբերտ սրկ. Ղազարեանը