Հովանաւորութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան, երեքշաբթի` ապրիլի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, մասնակցութեամբ հոծ թւով ժողովրդի, իրականացւեց համահաւաք՝ ի բողոք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի նախայարձակ ռազմական գործողութիւնների եւ ի զօրակցութիւն Լեռնային Ղարաբաղի իշխանութեան ու ժողովրդի:

Երեկոն սկիզբ առաւ զոհերի յիշատակին մէկ րոպէ լռութեամբ, ապա Կարէն Խանլարեանի միջոցով ընթերցւեց Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան խօսքը: Սոյն խօսքում դատապարտելով Ադրբեջանի ռազմական նկրտումներն ու վերահաստատելով համայնքի երիտասարդների զօրակցութիւնը Արցախի ժողովրդին, ասւած էր. «Մեր սերունդը ի վիճակի ու պատրաստակամ է իր հերթին ամրացնել ու խորացնել հայրենիքի անկախութեան, ինքնիշխանութեան եւ ազատութեան արմատներն իր մարտունակութեամբ, իր գիտական մտքով, տեխնոլոգիական ու հաղորդակցական իր հսկայական հմտութիւններով ու նորարարութեամբ, քաղաքական ու դիւանագիտական իր իմացականութեամբ: Հենց այս կարողութիւններով զինւած մենք ծնկի կը բերենք մեր դարաւոր թէ նորելուկ թշնամիներին, որոնք ատամ են սրել մեր մի բուռ հայրենիքի համար»:

Երիտասարդների խօսքին յաջորդեց տեսանիւթի ցուցադրումը, որտեղ լուսարձակի տակ էին առնւել վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրականացւած ռազմական գործողութիւնները եւ հայ ու օտար երկրացի պետական բարձրաստիճան պաշտօնատարների արտայայտութիւնները այս շրջագծում:

Շարունակութեան մէջ արտայայտւեց շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանը, որը դատապարտելով թշնամու ռազմական սադրիչ գործողութիւնները եւ յատկապէս հայկական բնակավայրերին ու խաղաղ բնակչութեանն իր յարձակումների թիրախը դարձնելու նրա անբարոյ գործելակերպը, կարեւորութեամբ ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեան պատճառով վտանգւում է Հարաւային Կովկասի ու տարածաշրջանի կայունութիւնը: Նա աւելացրեց նաեւ, որ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախումբն իր բոլոր կառոյցներով, համայնքում աշխատող միութիւններով ու հայրենակիցներով,  իր ամբողջական զօրակցութիւնն է յայտնում Արցախի եւ Հայաստանի պետական կառոյցներին՝ պատրաստ լինելով գործնականապէս սատարելու հայ ժողովուրդին, ապա պահանջեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ համանախագահող երկրներից ու Եւրոպական կառոյցներից նախայարձակ ադրբեջանական կողմին պարտադրելու դադարեցնել ռազմական գործողութիւնները:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, ով գնահատելով հայ զինւորի ու ժողովրդի հերոսութիւնները հայրենիքի պաշտպանութեան գործում եւ դատապարտելով թշնամու ոտնձգութիւնները, ասաց. «Մենք՝ որպէս Քրիստոսի յարութեանը հաւատացող ժողովուրդ, խաղաղութեան կողմնակից ենք, սակայն երբ սուրը բարձրանայ մեր գլխին, կը կոտրենք այդ սուրը. երբ թշնամին փորձի մեզ ծնկի բերել, ինքը ծնկի կը գայ, քանի որ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ մեր ժողովրդի թանկ արիւից ծնւել են նոր հերոսներ, ովքեր ընկճւել չգիտեն եւ ամուր են իրենց կեցւածքի վրայ»: Սրբազան Հայրը թեմի ազգային մարմինների զօրակցութիւնը յայտնելով Արցախին՝ կոչ արեց աշխարհասփիւռ հայութեանը՝ շարունակելով իր միակամ կեցւածքը, աչալուրջ ու զգօն լինել թշնամու տարբեր գործողութիւնների նկատմամբ: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը վերջում խնդրեց Իրանի պետութեանը՝ ինչպէս միշտ իր դրական դերակատարութիւնը ցուցաբերել տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գործում:

Համահաւաքի աւարտին Վանա Շիրւանեանն ընթերցեց երեկոյի բանաձեւը, ուր դատապարտւել էր Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողութիւնները, թեմիս ժողովրդի ամբողջական զօրակցութիւնն էր յայտարարւել՝ Արցախի եւ Հայաստանի պետական կառոյցներին ու ժողովրդին եւ պահանջւել էր ԵԱՀԿ Մինսկի խմբից ու համանախագահող երկրներից Ադրբեջանին պարտադրելու դադարեցնել իր ռազմական գործողութիւնները եւ վերադառնալ բանակցութիւնների սեղանին:

Վերջում բողոքարկողներն իրենց սրտաբուխ նւիրատւութիւնները կատարեցին՝ Լեռնային Ղարաբաղի իշխանութեանը եւ արցախահայութեանը զօրակցելու համար:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)