Երեքշաբթի՝ մայիսի 2-ին, որը համընկնում է իրանական օրդիբեհեշտ ամսւայ 12-ին՝ Ուսուցչի օրւան, մեծարւեցին եւ գնահատւեցին հայոց ազգ. դպրոցների անձնակազմերի հայ եւ պարսիկ անդամները: Աշակերտներից բացի, ովքեր նախքան դպրոցական զանգի հնչելը, տօնը յիշարժան դարձրին՝ իրենց սիրելի ուսուցիչների հետ ողջագուրւելով եւ իհարկէ նրանց ծաղիկներ ու յուշանւէրներ պարգեւելով, օրւայ ընթացքում զանազան պահերին, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Պատգամաւորական ժողովի Դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Կրթական խորհրդի անդամները, ինչպէս նաեւ թեմի այլ ենթամարմինների ներկայացուցիչներն ու աշակերտութեան ծնողները ներկայ գտնւելով Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների հարազատ յարկերի ներքոյ, ծաղկեփնջերով եւ գովեստի ու բարեմաղթանքների արտայայտութիւններով, իրենց ջերմագին շնորհաւորանքներն ուղղեցին նշւած վարժարաններում մատաղ սերնդի կրթութեամբ ու դաստիարակութեամբ զբաղւող մշակներին:

Նոյն օրւայ ընթացքում իւրաքանչիւր դպրոցի տնօրէնութեան  նախաձեռնութեամբ գնահատագրեր եւ նւէրներ շնորհւեցին անձնակազմի բոլոր անդամներին:

Այս առիթով հինգշաբթի՝ մայիսի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի դահլիճում, երկու սեանսների ներքոյ, իրականացւեց «Ջուղայի երաժշտական երեկոյ» խորագրով ձեռնարկը, նախաձեռնութեամբ Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Առաջնորդարանի Զբօսաշրջութեան եւ Հանրային կապի գրասենեակների: Ծրագրին հրաւիրւել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների անձնակազմերն ու նրանց ընտանիքները:

Երեկոն սկիզբ առաւ Առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի ելոյթով, ով Թեմական խորհրդի անունից հանդէս եկաւ ողջոյնի եւ տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքերով:

Այնուհետեւ ներկաները վայելեցին տաղանդաւոր եւ երիտասարդ երաժիշտների միջոցով իրականացւած դասական երաժշտութեան համարները՝ աշխարհահռչակ դիրիժորներ՝ Կոմիտասից, Վիվալդիից, Գրեգից, Ալբինոնիից եւ այլ յայտնիներից:

Կատարումներին յաջորդեց Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանում շրջայցը, որն իրականացւեց թանգարանի տնօրէն Զոյեա Խաչատրեանի ուղեկցութեամբ: Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Ծրագրին ներկայ էին նաեւ Թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչներ` Սաթենիկ Աւետումեանն ու Ժանետ Բաղումեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)