Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ կազմակերպութեամբ պատկան յանձնախմբի, չորեքշաբթի՝ ապրիլի 12-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին նւիրւած մեծարման երեկոյ, որին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ ժողովուրդ:

Երեկոն բացւած յայտարարւեց հաղորդավարուհիներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանի եւ Վանիա Պետրոսեանի խօսքերով:

Ահա մի հատւածի մէջբերում բացման խօսքից.

«Մշտապէս մայր հասկացութիւնը նւիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք «Մայր հայրենիք», մեր եկեղեցին կոչում ենք «Մայր եկեղեցի», լեզուն՝ «Մայրենի» եւ կարեւորագոյն քաղաքը կոչում ենք «Մայրաքաղաք»: Ապրիլի 7-ը Սուրբ Աստւածածնի Աւետման օրն է, մայրերի եւ մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան օրը»:

Այնուհետեւ գեղարւեստական համարներով ողողւած միջոցառումն շարունակւեց երգերի կատարմամբ, պարային համարներով եւ ասմունքներով:

Երգերի շարանում Վանանդ Իսաղուլեանը կատարեց «Մայրիկ» երգը, իսկ «Անի» նւագախմբի նւագակցութեամբ մեներգեցին՝ Լիդա Սիմոնեանը «Մայրիկ իմ բարի», Վահան Վարդեւանեանը «Թռչէի մտքով տուն», Արթին Քեշիշեանը «Ով հայոց մայրեր» եւ Անասիկ Յովսէփեանը «Հայաստան» երգերը: «Անի» նւագախմբի անդամներն են՝ Արին Խաչիկեանը (երգեհոն), Րաֆֆի Խուդաբախշեանը (գիթար) եւ Ասպետ Սիմոնեանը (սակսիֆոն):

Ասմունքեցին Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամները: Վանէ Շահնազարեանը կատարեց «Քո մասին պատմող իրերը», իսկ «Փարոս»-ի պատանեկան բաժանմունքը հանդէս եկաւ երկու կատարումներով՝ «Խօսք իմ որդուն»-ը, կատարմամբ՝ Բիւրեղ Տէր-Յովհաննիսեանի, Էմիլի Պօղոսեանի, Անիա Յովսէփեանի, Սերինէ Յակոբեանի ու Սիսիաննա Յակոբեանի եւ «Ընկածները», որն իրականացրեցին՝ Սէրլի Սարեանը, Ստեփանիա Յակոբեանը, Քաջազնունի Սարեանը եւ Վանէ Խաչիկեանը: Խմբի ղեկավարն է Վեհանուշ Խուդաբախշեանը:

Ծրագրի ընթացքում կատարւեցին երեք պարային համարներ. առաջինն իրականացւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի աւագ եւ կրտսեր խմբերի միջոցով՝ ղեկավարութեամբ Քաթրին Թորոսեանի, իսկ միւս կատարումները տեղի ունեցան Փերիոյ Կրթ. միութեան «Էրեբունի» պարախմբի միջոցով՝ ղեկավարութեմբ Ալինա Գրիգորեանի:

Նշելի է, որ ծրագրի ընթացքում հաղորդավարուհիներն ընթերցեցին անւանի նորջուղայեցի հայուհիների կենսագրականներից հատւածներ:

Աւարտին գեղարւեստական բաժնի անհատ կատարողներին եւ ղեկավարներին գնահատագրեր շնորհւեցին՝ ձեռամբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, ապա Սրբազան Հայրն իր պատգամն ուղղեց ներկաներին: Նա մայրերին անւանեց կրթութեան եւ դաստիարակութեան փարոս, սակայն նրանց բաժանեց հարազատներ եւ ոչ հարազատներ խմբերի: Սրբազան Հայրն ոչ հարազատներ խմբի մէջ դասեց այն մայրերին, ովքեր թէ իրենց եւ թէ իրենց զաւակների համար գոյութիւն չունեն սրբութիւններ եւ արժէքներ, իսկ հարազատների շարքում դասեց այն մայրերին, որոնք իրենց զաւակին տալիս են ազգային դաստիարակութիւն: Նա յատկապէս յիշելով հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին ընկած քաջարի հայորդիներին եւ ցաւակցելով նրանց մայրերին ու տօնի առթիւ յատուկ շնորհաւորանքի խօսք ասելով նրանց՝ նշեց, որ մեր հերոսները իսկական հարազատ հայ մայրերի դաստիրակած զաւակներն են:   

Նշելի է, որ կազմակերպիչների գեղեցիկ մտայղացմամբ բոլոր մայրերին նւիրւեցին շնորհաւորանքի բացիկներ. վերջում վիճակահանութեամբ նշւած բացիկների վրայ նշւած համարներից մէկը յաղթեց եւ ստացաւ պարգեւ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները՝ Ստուդիօ Գեւիկի