Համայն հայութիւնը ՀՀ-ում եւ Սփիւռքում, աշխարհի բոլոր կողմերում ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը այն պայմաններում երբ մեր քոյրերը եւ եղբայրները Արցախում շրջափակւած են։

Միջազգային հանրութեան ոչ պատշաճ եւ ուշացած գնահատականներն, նոր ոճիրներ իրականացնելու առիթ հանդիսացան ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Ադրբեջանի համար։ 108 տարի հետեւողականօրէն ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը եւ ջանալով չէզոքացնել միջազգային հանրութեան կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականութիւնը հայութեան նկատմամբ։ 1988 թւականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսւել է ցեղասպան քաղաքականութեան դրսեւորումների:

Հայ ազգաբնակչութեան ջարդերը եւ զանգւածային սպանութիւնները Սումգայիթում, Բաքւում, 2016 եւ 2020 թթ․ Արցախի դէմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատեացութեան վառ օրինակներ են։ Մեծ Եղեռնը չսպիացող վէրք է մեզ համար։ Այն նաեւ քաղաքական, իրաւական եւ բարոյական խարան է միջազգային հանրութեան վրայ, որը կարելի է ջնջել միայն Հայոց Ցեղասպանութեան համաշխարհային ճանաչման եւ դատապարտման միջոցով։

«108 տարի առաջ հայ ժողովուրդը յայտնւեց մեն-մենակ ոճրագործութեան դէմ: Այսօր, նոյնպէս այդպէս է, այդ առումով, հայ ժողովուրդը իր միասնականութեան մէջ պիտի շարունակի պայքարել»:

Ապրիլի 24-ը մեզ համար այլեւս խնկարկումի եւ յարութեան օր չի, այլ գիտակցելու, համախմբւելու եւ զարթօնքի օր պիտի դառնայ.

 

Փրկութեան Գաղտնիքը մեզ ասւած է Խրիմեան Հայրիկի մարգարէական խօսքի մէջ,

Երկաթէ շերեփ է պէտք, երկաթէ կամք է պէտք,  ուրեմն պէտք է

          վերականգնել Հայաստան, Արցախ եւ Սփիւռք եռամիասնութիւնը։

 

Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի Ոգեկոչման Յանձնախումբ

19 ապրիլ 2023 թ.                                                                                     

Ազգային Առաջնորդարան – Ս. Ա. Վանք