Երեքշաբթի՝ ապրիլի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», «Ս. Մինաս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում նշւեց Տասը կոյսերի առակի յիշատակի օրը: «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ընթացքում ընթերցւեցին պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները, իսկ վերջին ընթերցման պահին պարմանուհիների կատարմամբ մարմնաւորւեց 10 կոյսերի առակը:

Աւարտին Սրբազան Հայրն դիմեց արարողութեանը մասնակից աշակերտուհիներին եւ ասաց, որ իրենք այս տարիքում տակաւին իմաստութեան ճանապարհի վրայ են, սակայն կեանքի ընթացքում լինելու են պահեր, որտեղ հարկադրւած դժւար որոշումներ պէտք է կայացնեն, իսկ ճիշտ որոշում կատարելու համար՝ պէտք է նախ աղօթեն Աստծուն՝ իրենց իմաստութիւն եւ յաջողութիւն պարգեւելու, ապա խորհրդակցեն ծնողների եւ ուսուցիչների հետ: Նա իր խօսքի շարունակութեան մէջ իմաստութեան գլխաւոր բանալին համարեց՝ աստւածահաճոյ ընթացք որդեգրելը, բարեգործութիւն կատարելը եւ աղօթելը,  Աստւածաշնչի ընթերցելն ու եկեղեցի յաճախելը:

Յատկանշական է, որ առակը մարմնաւորող օրիորդների մասնակցութիւնն ապահովւելու հարցում թեմի Կրօնական խորհրդի հետ համագործակցել էին Նոր Ջուղայի «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնութիւնները:

Թղթակից (Նոր Ջուղա)