Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան՝ կանանց բաժնի պատասխանատու Այլին Մելիքեանը եւ Կենտ. վարչութեան, 32-րդ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի ու Մարզական միաւորի վարչութեան անդամները եւ իհարկէ ջահակիր խումբը:

Այս Գարնանային խաղերի գլխաւոր ջահակիրն է բասկետբոլիստ Անայիս Խուդավերդեանը, որին ընկերակցում են մարզիկներ՝ Մելիսա Սիմոնեանը, Արփի Ղազարեանը, Մարալ Մարկոսեանը, Նարէ Ղարախանեանը, Մինելիա Մարկոսեանը, Անայի Խաչեանը, Լիլիան Ծատուրեանը, Անիա Յովսէփեանը, Սինթիա Փանոսեանը, Գիլբերտ Թահմազեանը, Մոնթէ Յովհաննէսն ու Մենուա Մարկոսեանը:

Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը, որը նւիրւել է Արցախին սատարմանը եւ հզօր կամքի տէր արցախահայութեանը, մեկնարկելու են  հանդիսաւոր միջոցառմամբ, երկուշաբթի՝ մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում:

Թղթակից (Նոր Ջուղա)