Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, մարտի 20 առ 24-ը, տեղի են ունենալու Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը:

 Խաղերի մեկնարկը տրւելու է երկուշաբթի` մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, «Արարատ» միութեան մարզասրահում՝ բացման հանդիսաւոր միջոցառմամբ:

Գարնանային խաղերը յագեցած են լինելու մարզական մրցոյթներով, մշակութային միջոցառումներով, խաղերով եւ ժամանցային այլ ծրագրերով:

Մարզական մրցոյթների շարանում տեղի են ունենալու բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ շախմատի մրցաշարեր, մասնակցութեամբ Նոր Ջուղայից, Թեհրանից, Շահինշահրից, Ուրմիաից եւ Շիրազից մարզական պատւիրակութիւնների:

Հարկ է նշել, որ խաղերի գլխաւոր ջահի բոցավառման արարողութիւնը տեղի է ունենալու ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:

Թղթակից (Նոր Ջուղա)