Կիրակի՝ փետրւարի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց սրբոց Ղեւոնդեանց քահանաների եւ քահանայութեան տօների առթիւ:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Քարոզը տրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով. նա անդրադառնալով Ղեւոնդ Երէցի կենսագրականին՝ որպէս տիպար հոգեւորական, աւելացրեց նաեւ, որ Ղեւոնդ Երէցը ճշմարտութեանը զօրավիգ հանդիսանալու համար չէր սպասում որեւէ մէկի օգնութեանը եւ երբեք չյուսալքւելով, ոչ միայն իր գործունէութիւնն էր ծաւալում յանուն արդարութեան եւ ճշմարտութեան, այլ նաեւ ոգեշնչում էր միւսներին: Սրբազան Հայրը յորդորեց ներկաներին, թէ բարի եւ սուրբ նպատակներին հասնելու համար պէտք չէ սպասել այլ անձանց օգնութեանը, քանի որ եթէ անգամ ոչ մի անհատ մեր կողքին չլինի, Աստւած միշտ մեր կողքին է եւ մեզ միայնակ չի թողնելու նման պահերին:

Պատարագի աւարտին հոգեհանգիստ տեղի ունեցաւ բոլոր ննջեցեալ եկեղեցականների՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմի ննջեցեալ եկեղեցականների հոգիների խաղաղութեան համար:

Այնուհետեւ քահանայութեան տօնի առիթով միջոցառում տեղի ունեցաւ եկեղեցու սրահում, ուր շնորհաւորանքի եւ բարեմաղթանքի խօսքերով հանդէս եկան՝ երէցփոխուհի Մառիթա Կարապետեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Ընթացքում ներկաներից ելոյթ ունեցան երգերով ու ասմունքներով, իսկ Կրօնական խորհրդի կողմից պարգեւներ շնորհւեցին քահանայ հայրերին:

Թղթակից (Նոր Ջուղա)