Կիրակի՝ յունւարի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ մատուցւած կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2023 թւականը «Սփիւռքի տարի Բ.» հռչակելու կապակցութեամբ: 

Հռչակագրում անդրադարձ էր կատարւել Սփիւռքի տարւայ (2022 թ.) ընթացքում Սփիւռքի հարցերին ծանօթ մասնագէտների, մտաւորականների, տեղեկատւական մարզի մասնագէտների եւ երիտասարդների հետ իրականացւած առցանց հանդիպումներին, ընդհանուր գծերով ներկայացնելով դրանց ընթացքում քննարկւած այժմէական խնդիրներն ու առաջարկները: Այնուհետեւ «Ինչպէ՞ս կարելի է ինքնաքննութիւնից ուղղւել դէպի վերակազմակերպում» գլխի ներքոյ նշւել էին մի շարք սկզբունքներ եւ նպատակներ, որոնք ուղեգիծ են հանդիսանալու Սփիւռքի վերակազմակերպման գործում:

Հարկ է նշել, որ այդ օրը նշւեցին Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ եկեղեցու անւանակոչութեան տօները: Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Պատարագին մասնակցում էին նաեւ եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները:

Պատարագին յաջորդեց Ս. Յովհաննէս Կարապետի աջ-մասունքով ջրի օրհնումը, ապա ներկաները համախմբւեցին եկեղեցու սրահում, ուր եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ միջոցառում իրականացւեց՝ բաղկացած խօսքերով ու գեղարւեստական կատարումներով եւ իհարկէ Սրբազան Հօր սրտի խօսքի փոխանցմամբ:

Վեհափառ Հայրապետի հռչակագիրն ընթերցւել է նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)