Կիրակի՝ դեկտեմբերի 18-ի առաւօտեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընկերակցութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ:

Նա հերթաբար ներկայ գտնւեով Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանում եւ «Արմէն» տարրական ու «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներում, մօտիկից ծանօթացաւ նշւած ուսումնարաններում կատարւող աշխատանքին՝ ի մասնաւորի մատուցւող հայեցի դաստիարակութեանը:

Պրն. Տէր-Խաչատուրեանն իր ուրախութիւնը յայտնելով նորջուղայեցի մատաղ սերնդին հանդիպելու համար՝ սաներին խորհուրդ տւեց լինել աշխատասէր եւ լաւապէս սովորել հայ ժողովրդի լինելիութեան կարեւորագոյն երաշխիքը՝ մայրենի լեզուն։ Նա դիմելով աշակերտութեանը, որպէս հայ ժողովրդի ապագայ սերունդ, նրանց յորդորեց պահպանել հայկական ինքնութիւնը, հասնել բարձրագոյն կրթութեան եւ ընտրած մասնագիտութեամբ սատարել Իրանի եւ Մայր Հայրենիքի տարբեր ոլորտների վերելքին ու զարգացմանը։

Այցելելով Ս. Ամենափրկիչ վանք, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչն առանձին հանդիպումներ ունեցաւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետների ու զոյգ կազմերի անդամների հետ, որոնց ընթացքում հիւրին տեղեկութիւններ փոխանցւեց թեմում իրագործւող եւ ապագայի աշխատանքների մասին, իսկ վերջինս առաջարկներ ներկայացրեց Հայաստանի հետ կապերն առաւել ամրապնդելու վերաբերեալ։

Յակոբ Տէր-Խաչատուրեանը շրջայց կատարեց Ս. Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան, որտեղ ձեռամբ գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի նւէր գրքեր յանձնւեց հիւրին։ Նա այցելեց նաեւ Ազգագրական թանգարան, արխիւատուն եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան, ուր հիւրերի մատեանում գրառում կատարեց, իսկ վերջում՝ Ս. Բեթղեհէմ եկեղեցի։

 

Թղթակից (Նոր Ջուղա)