Հայ-իրանական յարաբերութիւնները հարկաւոր է բարի դրացիական մշակութայինից փոխադրել աւելի բարձր` տնտեսական–անվտանգային մակարդակ:

 

Երեւանում Հայաստանի եւ Իրանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակին նւիրւած միջազգային գիտաժողովում նման տեսակէտ յայտնեց Իրանի մէջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բէգլարեանը: Ըստ armeniasputnik.am-ի հաղորդում է parstoday.com-ը:

 

«44-օրեայ պատերազմից յետոյ առաջացած աշխարհաքաղաքական փոփոխութիւնները, այն յարափոփոխ իրավիճակը, որն ապրում է մեր տարածաշրջանը, եւ Միջին Արեւելքի ու Կովկասի քաղաքական հարցերի այն շաղկապւածութիւնը, որին ականատես ենք լինում, համոզմունք է ներշնչում, որ, իրօք, պէտք է նոր թափ ստանան Հայաստանի ու Իրանի քաղաքական, անվտանգային ու տնտեսական յարաբերութիւնները»,– ասաց նա:

 

Իրանահայ պատգամաւորը նշեց, որ ժամանակն է այս ուղղութեամբ կոնկրէտ քայլեր ձեռնարկելու եւ մեխանիզմներ մշակելու:

 

Յիշեցնենք` 2022 թ.-ի փետրւարի 7-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդոլլահեանը շնորհաւորական ուղերձ էր յղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանին՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակի կապակցութեամբ:

 

Աբդոլլահեանն ընդգծել էր, որ Իրանը պատրաստ է ամրապնդել Հայաստանի Հանրապետութեան հետ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցութիւնը:

 

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ՀՀ անկախութիւնը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ են հաստատւել 1992 թ.–ի փետրւարի 9-ին Թեհրանում ստորագրւած հռչակագրով: