Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի պատգամաւորները հինգշաբթի՝ նոյեմբերի 11-ին, հանդիպել են Իրանի նախագահի հետ: Հանդիպմանը հիմնականում քննարկւել է «Զայանդեռուդ»-ի վերականգնման թեման, ջրային ռեսուրսների եւ գիւղատնտեսութեան խնդիրները, գետնի նստւածքի եւ դրա արդիւնքում մշակութային ժառանգութեանը հասցւող վնասի, ինչպէս նաեւ օդի աղտոտւածութեանը կապւող հարցեր: Պատգամաւորները շեշտեցին սոյն խնդիրների շուտափոյթ լուծման անհրաժեշտութիւնը:

Էբրահիմ Ռէիսին արծարծւած խնդիրների լուծումն արագացնելու նպատակով, նախագահական գրասենեակի ռազմավարական կենտրոնին յանձնարարեց անմիջապէս քննել եւ ելքեր առաջարկել Սպահանի ջրի խնդիրների լուծման ուղղութեամբ:

Իրանի Իսլ. խորհրդարանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլերեանը եւս հաստատելով պատգամաւորների միջոցով փոխանցւած մտահոգութիւնները՝ վերոնշեալ ճգնաժամերի վերաբերեալ, ընդգծեց Զայանդեռուդի անյապաղ վերականգնման եւ նահանգի բնապահպանական խնդիրների ու մարտահրաէրների օր առաջ լուծման կարեւորութիւնը:

Այս հանդիպմանը Պրն. Բեգլարեանն անդրադարձաւ նաեւ Սպահանի եւ յատկապէս «Նոր Ջուղա» թաղամասի զբօսաշրջային ոլորտի ներուժին, եւ յատուկ աջակցութիւն խնդրեց նախագահից Սպահանի եւ Նոր Ջուղայի զբօսաշրջութեան ոլորտում ներդրումները մեծացնելու ուղղութեամբ, նշելով, որ այս աջակցութիւնները նպաստելու են նահանգի եւ յատկապէս Սպահան քաղաքի աւեի բարձր եկամուտներ ապահովելուն: Նա մատնանշելով այս թաղամասի ուշագրաւ առանձնայատկութիւններից մէկը՝ մահմեդականների եւ քրիստոնեաների համատեղ խաղաղ գոյակցութիւնը, աւելացրեց, թէ դրա շնորհիւ պահպանւել է երկու կրօններին դաւանող մարդկանց միջեւ խաղաղութիւնը, զարգացել է բարեկամական յարաբերութիւնը եւ ծաղկել են առեւտուրն ու զբօսաշրջութիւնը, ինչը կարող է ինքնին օրինակ ծառայել աշխարհի բոլոր երկրների համար:

 

Ռոբերտ Բեգլարեանի գրասենեակ