ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը յունւարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետութիւն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը:

Այցի շրջանակում նախատեսւում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների եւ արտահանողների հետ, ինչպէս նաեւ այցելութիւններ մի շարք ձեռնարկութիւններ, ընկերութիւններ եւ կազմակերպութիւններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնաւորապէս հանդիպումներ կունենայ ԻԻՀ Առեւտրի, արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարի, ԻԻՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ: