ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հարցազրոյց է տւել իրանական «ILNA» լրատւականին. այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

- Ո՞րն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսւած ռազմական բախման պատճառը:

Այս պատերազմական գործողութիւնները պատահական ծագած երեւոյթ չեն, այլ Ադրբեջանի կողմից նախապէս ծրագրւած լայնածաւալ յարձակում, խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպւած տապալում եւ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու փորձ:

Ի տարբերութիւն այս տարի յուլիսին Հայաստանի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի կողմից ձեռնարկւած ագրեսիայի, այս անգամ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դէմ՝ միտումնաւոր թիրախաւորելով քաղաքացիական բնակչութիւնը եւ քաղաքացիական ենթակառուցւածքները: Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր իւրաքանչիւր թիզ հողը եւ իր անվտանգութիւնը, եւ Հայաստանն էլ երաշխաւորն է Արցախի անվտանգութեան:

Ադրբեջանի ներկայ ագրեսիան Արցախի դէմ բնութագրւում է երկու կարեւոր առանձնայատկութեամբ․

Առաջին, Ադրբեջանը նախագահ Ալիեւի մակարդակով հրապարակաւ hրաժարւել է խաղաղ գործընթացից եւ խնդիր է դրել ղարաբաղեան հիմնախնդիրը լուծել լայնածաւալ պատերազմով,

Երկրորդ, այս նպատակի իրականացման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածաւալ ռազմաքաղաքական աջակցութիւնը։ Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագէտները, որոնք օգտագործում են թուրքական արտադրութեան սպառազինութիւն, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական ինքնաթիռներ: Միաժամանակ, արժանահաւատ աղբիւրներից ստացւող տեղեկութիւնների համաձայն՝ Թուրքիան հաւաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինեալների եւ տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Ռազմական գործողութիւնների ողջ ընթացքում Թուրքիան բարձրագույն ղեկավարութեան մակարդակով լիարժէք քաղաքական եւ քարոզչական աջակցութիւն է տրամադրում Ադրբեջանին:

- Հնարաւո՞ր է, որ ռազմական գործողութիւնների մէջ ներքաշւեն տարածաշրջանի երկրները, եւ ինչպիսի՞ն կը լինի ուժերի դասաւորւածութիւնն այդ պարագայում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ագրեսիւ այս գործողութիւնները ուղղւած են տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան խաթարմանը, որի հետեւանքների համար վերջիններս կրում են ողջ պատասխանատւութիւնը:

Այս պահին միակ երկիրը, որն ուղղակիօրէն ներգրաււած է ռազմական գործողութիւնների մէջ, Թուրքիան է, որը բացարձակապէս չի էլ թաքցնում իր ծայրայեղ միակողմանի եւ ագրեսիւ դիրքորոշումը ՀՀ նկատմամբ:

- Արդեօ՞ք ՄԱԿ-ը կարող է միջամտել եւ օգնել ստեղծւած ճգնաժամի յաղթահարմանը:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդէս է եկել յայտարարութեամբ, որի հիմնական ուղերձը ճգնաժամի խաղաղ կարգաւորմանն աջակցութիւն յայտնելն է:

- Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանն այս հակամարտութեան լուծման համար ի՞նչ դերակատարութիւն կարող են ունենալ:

ՌԴ-ը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ այս հարցում նրա դերակատարութիւնը չափազանց մեծ է, այդ թւում նաեւ՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Թուրքիայի մասին արդէն ասւեց: Վերջինս չի կարող եւ չի էլ փորձում ունենալ կառուցողական դերակատարութիւն եւ հանդէս է գալիս հակամարտութեան կողմերից մէկի շահերի ակնյայտ պաշտպանութեան դիրքերից՝ գործնականում ներգրաււելով նաեւ ռազմական գործողութիւնների մէջ:

Ինչ վերաբերում է Իրանին, վերջինս մշտապէս հանդէս է եկել Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման օգտին: Հարկ է նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆը յայտարարել է իրանական կողմի՝ բանակցութիւնների վերսկսմանն օժանդակելու պատրաստակամութեան մասին, մի բան, որ Հայաստանի կողմից շատ բարձր է գնահատւում:

- Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զօրավարժութիւնն ինչքանո՞վ է ազդել այս բախումների բռնկման վրայ:

Թուրքիայի միակողմանի եւ ագրեսիւ դիրքորոշումը միանգամայն ակնյայտ է, եւ այս ռազմական բախման ընթացքում լիովին «նիւթականացւեց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւններին, դրանց աւարտից յետոյ զինուժի եւ ռազմական տեխնիկայի՝ Ադրբեջանի տարածքում թողնելուն, ապա դա կարելի է համարել ռազմական ագրեսիայի նախապատրաստման կարեւոր բաղադրիչներից մէկը:

Ի դէպ, Թուրքիայի ռազմական ներկայութիւնն Ադրբեջանում եւ յատկապէս Նախիջեւանում կարծում ենք՝ մտահոգիչ իրողութիւն պէտք է լինի նաեւ Իրանի համար:

- Հակամարտութեան լուծման գործում ի՞նչ դերակատարութիւն կունենան ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ եռանախագահող երկրները:

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն ճանաչւած միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն են: Այս պահին ՀՀ ղեկավարութիւնը մշտական կապի մէջ է համանախագահող երկրների հետ՝ ստեղծւած վտանգաւոր վիճակը կարգաւորելու եւ բանակցութիւնները բնականոն հուն վերադարձնելու նպատակով: