Աղբիւր՝ www.yerkir.am 

 

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցաւ Արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Այս մասին տեղեկատւութիւնը դեսպանութիւնը հրապարակել է «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման խնդիրներին եւ այս համատեքստում Արտաշէս Թումանեանը տեղեկութիւններ է ներկայացրել ընթացիկ տարւայ յուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:

Քննարկւել են կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակւող ամերիկեան պատժամիջոցների պայմաններում առեւտրատնտեսական յարաբերութիւնների ներկայ վիճակին եւ զարգացման հնարաւորութիւններին վերաբերող մի շարք հարցեր:

Յատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցութեան ամրապնդմանը եւ այս առումով Հայաստան-Իրան յարաբերութիւնների առանձնայատուկ նշանակութեանը: Քննարկւել են երկկողմ եւ տարածաշրջանային յարաբերութիւններին առնչւող մի շարք այլ հարցեր:

Արտաշէս Թումանեանը եւ Մոջթաբա Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցութեան խորացման անհրաժեշտութիւնը եւ այս իմաստով կարեւորել են խորհրդարանների ղեկավարների, մշտական յանձնաժողովների եւ բարեկամութեան խմբերի միջեւ փոխգործակցութեան ակտիւացումը: