Աղբիւր՝ www.mindiaspora.am

Յուլիսի 4-ին Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանն ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանի կառավարութիւնը արդէն հանդէս է եկել  ծրագրով, որտեղ սահմանել է իր առաջնահերթութիւնները և խիստ կարևորել է հայ-իրանական յարաբերութիւնները: «Մենք առաւել քան վստահ ենք, որ երկկողմ յարաբերութիւնների զարգացման չափազանց մեծ ներուժ կայ բոլոր ուղղութիւններով, յատկապէս՝ տնտեսական համագործակցութեան առումով: Նոր Հայաստանը պատրաստ է նոր որակի յարաբերութիւններ կառուցել՝ փոխվստահութեան մթնոլորտում: Այս իմաստով շատ կարևոր է հայկական համայնքի հարիւրամեակների գոյութիւնը իրանական հողում, որը երկու երկրների դարաւոր բարեկամութեան երաշխիքն է», - յաւելեց Մխիթար Հայրապետեանը՝ կարևորելով երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիւացումը:

Իրանի դեսպանը շնորհակալութիւն յայտնեց հանդիպման համար, ողջունեց թաւշեայ յեղափոխութեան յաղթանակը Հայաստանում և նշեց. «Որախ եմ հանդիպել ակտիւ գործունեայ երիտասարդ նախարարի հետ, ով մեծ ցանկութիւն ունի աշխատել ի բարօրութիւն իր ժողովրդի ու հայրենիքի»: Դեսպան Սաջադին ներկայացրեց սփիւռքի հետ աշխատանքի իր տեսլականը և առաջարկութիւնները և վստահութիւն յայտնեց, որ համագործակցութեան շրջանակները նոր Հայաստանում աւելի կընդլայնւեն ու գործնական կը դառնան: