Աղբիւր՝ www.yerkir.am

Իրան կատարած պաշտօնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած կառավարական պատւիրակութիւնն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թւում՝ գործարար հատւածի ներկայացուցիչների հետ:

Կառավարութեան ղեկավարը նախ ներկայացրել է պաշտօնական այցի ընթացքում անցկացւած բանակցութիւնների մանրամասները եւ արդիւնքները: Կարէն Կարապետեանն ընդգծել է, որ Հայաստանը հարեւան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցութեան, առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացման մեծ ներուժ, ինչի իրացման ուղղութեամբ էլ ներկայացւել են տարբեր առաջարկութիւններ՝ հաշւի առնելով Հայաստանում առկայ տնտեսական ռեժիմներն ու հնարաւորութիւնները: Վարչապետը նշել է, որ Իրանի իշխանութիւնների հետ քննարկւել են նաեւ տարածաշրջանային համագործակցութեան հարցեր, մասնաւորապէս՝ Հայաստան, Իրան, Թուրքմենստան եռակողմ ձեւաչափով փոխգործակցութիւնը: 

«Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցութիւնը մեծապէս կը նպաստի առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացմանը: Ընդհանրապէս, մեր իրանական գործընկերների հետ պայմանաւորւել ենք «ռեստարտ» տալ մեր երկրների յարաբերութիւններին, համատեղ շարունակել կարողութիւնները միաւորելու աշխատանքները՝ լաւ արդիւնքներ ունենալու համար», - ասել է վարչապետը:

Դիմելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին՝ նա ասել է. «Առաջարկում եմ բոլորիդ ձեր քայլերով ամուր կամուրջ հանդիսանալ հայ-իրանական յարաբերութիւնների միջեւ ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլ նաեւ շահութաբեր բիզնեսներով: Համոզւած եմ, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարաւորութիւններ կան, եւ մեր կառավարութիւնը կանգնելու է իւրաքանչիւր բիզնեսի կողքին: Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տան մէջ՝ մէկն այստեղ, միւսը՝ Հայաստանում»: 

Այնուհետեւ Կարէն Կարապետեանը ներկայացրել է ՀՀ կառավարութեան նախաձեռնած բարեփոխումները եւ շեշտել, որ յատկապէս տնտեսական ոլորտում իրականացւող քայլերը միտւած են բիզնեսի համար հաւասար եւ բարենպաստ պայմանների ստեղծմանը: 

«Բարեփոխումներ ենք սկսել բոլոր ուղղութիւններով՝ հաշւի առնելով իրականացւած ախտորոշման արդիւնքները: Մեր նպատակն էր ախտորոշմամբ պարզել, թէ ինչն է յատկապէս խոչընդոտում տնտեսութեան զարգացմանը: Այդ առումով, մեր ծրագրերն ուղղւած են կառավարման, տնտեսութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, հարկային եւ մաքսային վարչարարութեան պարզեցմանն ու բարելաւմանը», - ասել է վարչապետը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարւայ առաջին 8 ամսւայ ընթացքում Հայաստանում արձանագրւել է 5,5 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բիւջէի նախագծով ի սկզբանէ կանխատեսւել էր 3,2 տոկոսի աճ: 

«Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ եւ ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտւած են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թէ սպառմանը: Մենք վճռական ենք զարգացնելու մեր երկրի տնտեսութիւնը եւ բիզնեսի համար ստեղծելու թափանցիկ, հաւասար պայմաններ: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարաւորութիւններն ունենք», - նշել է Կարէն Կարապետեանը: 

Վարչապետ Կարապետեանը պատասխանել է իրանահայերի մի շարք հարցերին, որոնք վերաբերել են հայ-իրանական տնտեսական համագործակցութեան զարգացմանը, Հայաստանում իրականացւող ծրագրերին, արդիւնաբերութեան, զբօսաշրջութեան, տրանսպորտի, կրթութեան, գիտութեան, մշակոյթի ոլորտներում իրականացւող քայլերին եւ նախագծերին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորմանը եւ այլն: 

Հանդիպման աւարտին կառավարութեան ղեկավարը շրջայց է կատարել «Արարատ» մարզամշակութային համալիրով, ծանօթացել պայմաններին ու հնարաւորութիւններին: