Աղբիւր՝ www.yerkir.am

Պաշտօնական այցով Իրանի Իսլամական Հանրապետութիւնում գտնւող ՀՀ Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը փետրւարի 1-ին այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն: Թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում Վիգէն Սարգսեանը խօսել է հայ-իրանական յարաբերութիւնների, ՀՀ զինւած ուժերում իրականացւող աշխատանքների ու առաջիկայ անելիքների վերաբերեալ, ներկայացրել է զինւած ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը մանրամասնել է նաեւ «Ազգ-բանակ» գաղափարի դրոյթները:

Վիգէն Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը փետրուարի 1-ին եղել է նաեւ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, աքրեպիսկոպոս Տէր Սեպուհ Սարգսեանի, հոգեւոր դասի եւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանութեան նախարարն արժեւորել եւ բարձր է գնահատել Հայոց եկեղեցու եւ սփիւռքի կառոյցների դերակատարութիւնը հայապահպանութեան, ինչպէս նաեւ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման ու յետագայ զարգացման գործում:

Պաշտօնական այցի ընթացքում փետրւարի 1-ին ՀՀ Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Մոհամադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարեւորւել է անվտանգութեան ոլորտում երկու պետութիւնների համագործակցութեան ընդլայնումը: Քննարկւել են հայ-իրանական փոխգործակցութեան ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպէս նաեւ տարածաշրջանային զարգացումների հետ կապւած հարցեր:

Բարձր գնահատելով երկու պետութիւնների համագործակցութիւնը տարբեր բնագաւառներում եւ ընդգծելով յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութիւնը, կողմերը շեշտել են նաեւ տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման կարեւորութիւնը` որպէս տարածաշրջանի պետութիւնների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման:

Վիգէն Սարգսեանը ներկայացրել է Արցախի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում տիրող իրավիճակը եւ հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրւող ջանքերը: Ընդգծելով խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի կարգաւորման անհրաժեշտութիւնը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը նպաստելու պատրաստակամութիւնը:

ԻԻՀ Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում քննարկւել են հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցութեան զարգացման, տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան ապահովման խնդիրների հետ կապւած հարցեր:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական համագործակցութեան առաջնահերթութիւններին, ընդգծւել է երկկողմ համագործակցութեան խորացման անհրաժեշտութիւնը: