Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ Բնապահպանութեան նախարար Արծւիկ Մինասեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան  արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:

Ողջունելով հիւրին` բնապահպանութեան նախարարը համոզմունք է յայտնել, որ դեսպանի հետ ունեցած իր արդիւնաւէտ աշխատանքի նախորդ փորձը լուրջ նախադրեալ է նաեւ բնապահպանական ոլորտում համագործակցութիւնն էլ աւելի բարձր մակարդակի վրայ դնելու համար` ի շահ երկու բարեկամական պետութիւնների:

Դեսպան Սաջադին շնորհաւորել է Արծւիկ Մինասեանին ՀՀ Բնապահպանութեան նախարարի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ, եւ ծանօթ լինելով գործադիրում նրա նախորդ գործունէութեանը, համոզմունք յայտնել, որ նոր պաշտօնում եւս նոյն արդիւնաւէտութեամբ կաշխատի: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանն յայտարարել է, որ երկու երկրների յարաբերութիւններում զգալի տեղ պէտք է յատկացնել բնապահպանական հարցերի շուրջ համագործակցութեան ընդլայնմանը:

Շնորհակալութիւն յայտնելով շնորհաւորանքի եւ բարեմաղթանքների համար` ՀՀ Բնապահպանութեան նախարարը հաւաստիացրել է, որ յետագայ համագործակցութիւնը  բնապահպանութեան կոնկրէտ ուղղութիւններով կը տայ շօշափելի արդիւնքներ:

Կողմերը քննարկել են էկոտուրիզմին, երկրների տնտեսութիւններում էկոլոգիապէս մաքուր, նւազագոյն արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտութեան, երիտասարդ մասնագէտների միջեւ փորձի փոխանակման, ինչպէս նաեւ միջազգային հարթակներում ակտիւ համագործակցութեան եւ միասնական շահերի առաջ մղմանն առնչւող հարցեր:

Դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադին անդրադարձել է  բնապահպանութեան ոլորտում երկու երկրների մասնագէտների կողմից իրականացւող մոնիթորինգի չափորոշիչների համադրման, էկոտեղեկատւութեան փոխանակման, երկու երկրների մասնագէտների կողմից իրականացւող դիտարկումների համատեղ իրականացման հարցերին:

Շեշտելով, որ էկոլոգիական պահանջների պահպանութիւնը տարածաշրջանի բոլոր երկրների պարտաւորութիւնն է` Արծւիկ Մինասեանը պատրաստակամութիւն է յայտնել նման հանդիպումներ յաճախ կազմակերպել եւ նոր թափ հաղորդել բնապահպանութեան ոլորտում երկու երկրների համագործակցութեանը: