Աղբիւր՝ www.armenpress.am

 

Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գօտու հիմնումը նոր հնարաւորութիւն կը լինի Հայաստանի տնտեսութեան զարգացման համար: «Բազէ-2016» համահայկական երիտասարդական հաւաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը: «Սոչիում Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների վարչապետերի վերջին հանդիպման ընթացքում մենք պայմանաւորուածութիւն ենք ձեռք բերել հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի տարածաշրջանում, ազատ տնտեսական գօտի հիմնելու մասին: Սա շատ կարեւոր ծրագիր է, որը զարգացման նոր հնարաւորութիւնն է բացում մեր տնտեսութեան համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Յովիկ Աբրահամեանի խօսքով՝ այդ ծրագիրը շատ կարեւոր նշանակութիւն ունի նաեւ տարածաշրջանային զարգացման ապահովման առումով: «Այդ տնտեսական գօտին լինելու է Մեղրիի տարածաշրջանում: Գիտէք, որ մեր առաջնահերթ խնդիրներից է նաեւ տարածաշրջանային զարգացումը, եւ տնտեսական գօտու հիմնումը էականօրէն կը նպաստի Մեղրիի տարածաշրջանի զարգացմանը: Կը ստեղծուեն նոր աշխատատեղեր, կը բացուեն նոր հնարաւորութիւններ»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ յաւելեց, որ ծրագիրը հնարաւորութիւն կը տայ Իրանի, Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ համատեղ ձեռնարկութիւններ հիմնել ազատ տնտեսական գօտում, արտադրութիւն կազմակերպել եւ առանց մաքսատուրքերի արտահանել դրանք Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրներ: