Իրանի հարաւում միջազգային հնագիտական առաքելութիւնը հնագոյն Պերսեպոլիս քաղաքի շրջակայքում պեղումների ժամանակ յայտնաբերել է մոնումենտալ դարպասի մնացորդներ, որի մասին պատմում են Կիւրոս Մեծ արքայի մասին լեգենդներում. գրում է Yerkir.am-ը՝ Tehran Times-ի հաղորդման համաձայն:

Իրանական պարբերականը գրում է, որ վեհաշուք դարպասի բաւականին լաւ պահպանւած մնացորդները յայտնաբերւել են Պերսեպոլիսից մօտ երեք կիլոմետր հեռու: Դրանք յայտնաբերել է համատեղ առաքելութիւնը, որը, բացի իրանցի հնագէտներից, ներառում է հետազօտողների Իտալիայից:

Գիտնականները յայտնագործութեան մասին յայտնել են միայն հիմա, թէեւ կառոյցի առաջին հետքերը յայտնաբերւել էին 10 տարի առաջ: Միայն այժմ հնագէտները վստահօրէն կարող են ասել, որ իրենց յաջողւել է գտնել յայտնի «Պարդիս Պարսէ» դարպասը:

Կիւրոս արքայի մասին գրաւոր աղբիւրներում նշւում է, որ նրա հրամանով այս դարպասները կանգնեցւել են Պերսեպոլիսի մօտ` Թալ է Աջորի պալատում: Շինարարութիւնն աւարտւել է նրա որդի Կամբիզի օրօք:

Ըստ էութեան, «դարպասը» փոքրիկ պալատ էր: Պեղումների ընթացքում հնագէտներն ու մշակութային ժառանգութեան մասնագէտները պարզել են, որ դարպասի երկարութիւնը 30-ից 40 մետր է, իսկ բարձրութիւնը`մօտ 12 մ: Կենտրոնական սենեակում յայտնաբերւել են սեպագիր արձանագրութիւններ` բաբելոներենով եւ էլամերենով: Գիտնականները դարպասը թւագրել են` հիմնւելով մի քանի աղբիւրների վրայ: Նրանք ուշադիր ուսումնասիրել են ճարտարապետութիւնը, շինանիւթերը, պատերը զարդարելու դրդապատճառները եւ հին տեքստերը: Բացի այդ` իրականացւել է նիւթերի ռադիօածխածնային վերլուծութիւն: Այս ամէնը ցոյց է տալիս, որ յայտնաբերւած յուշարձանը կառուցւել է մ.թ.ա. 539-ից յետոյ`ի պատիւ Մեծ Կիւրոսի բանակի կողմից Բաբելոնը նւաճելու: