Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի առաջարկով, խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ սոյն խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի նորանշանակ վարչութեան հետ, կիրակի՝ 2020 թւականի օգոստոսի 16-ի երեկոյեան, նշւած վարչութեան գրասենեակում։ Նիստին նախագահեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։ Համայնքային վարչութեան անդամներից բացի՝ հանդիպմանը ներկայ էին Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու կազմի անդամ արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանը եւ համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։

Նիստը բացւած յայտարարւեց աղօթքով, Թեմակալ առաջնորդի եւ Կրօնական խորհրդի անունից շնորհաւորանքի խօսք ուղղւեց նորանշանակ վարչութեանը, իսկ յաջորդիւ տեսակէտների, մտահոգութիւնների եւ առաջարկների փոխանակում տեղի ունեցաւ համայնքի հոգեւոր կեանքի եւ եկեղեցական արարողութիւնների շրջագծում։ Խորհրդակցութիւններ կատարւեցին նաեւ եկեղեցիների վերաբացւելու պարագային աւելի մեծ թւով ժողովուրդ՝ ի մասնաւորի երիտասարդներ ներգրաւելու, ինչպէս նաեւ ծխատէր քահանայի կողմից համայնքին առաւել չափով ծառայութիւն մատուցւելու պարագաների մասին։

Այս արդիւնաւէտ հանդիպման ընթացքում կառուցողական որոշումներ կայացան համայնքի հոգեւոր կեանքի մակարդակի բարձրացման ուղղութեամբ։

Թղթակից (Շահինշահր)