Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան 60-ամեակի առիթով

Յուլիսի 31-ից օգոստոսի 1-2-ը բազմահազար հայ ուխտաւորներ ամենամեայ աւանդոյթին կառչած՝ հինաւուրց Թադէի շուրջ են համախմբւելու, որպէսզի վերանորոգեն իրենց հոգեւոր ու ազգային բարեպաշտական հաւատոյ հանգանակը՝ Հայոց Առաքելական նախախնամ սրբավայրում:

Պատմական Արտազ գաւառի կամ Ատրպատականի շուրջ 800-ամեայ թեմի առաջնորդանիստ առաջին կենտրոն Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան հոգեւոր եւ ազգային սովորոյթը 1954 թ.-ից ցայսօր արդէն 60-ամեայ յանձնառութեան կնիքով է դրոշմւած: Դա մէկ կողմից ինքնին ապացոյցն է իրանահայ աւանդապահ հասարակայնութեան հայեցի արժէքների անվերապահ գնահատման, իսկ միւս կողմից՝ իրանական պետական եզակի վերաբերմունքի՝ նոյն արժէքների պահպանման ու դեռ աւելին՝ հոգածութեան խնդրում: Այս պարագան իսկ աւելիով է հնչեղ արտայայտւում, երբ նոյն Թադէի մերձակայ շրջանում՝ Հին Ջուղայի ու Նախիջեւանի հայկական հազարամեակների հնութեան պատմա-կոթողական յուշարձաններ են բնաջնջւում: Կամ աւելի պարսաւելին, երբ Հայաստանի հիւսիսարեւմտեան եւ միակ քրիստոնեայ հարեւան Ուղղափառ Վրաստանում հայկական կրօնա-ազգային կենտրոնների ու նոյնինքն եկեղեցական յուշարձանների դէմ են կատարւում վանդալական ոտնձգութիւններ:

Իրանական բարեացակամ ու մասնաւորապէս հարազատ Ատրպատականի հողում իրանահայը եւ ինչու չէ նաեւ՝ այլ երկրների հայորդիներ, Իրանի պետական քաղաքակիրթ հովանաւորութեան ու հոգածութեան ներքոյ, 60-րդ անգամ յատուկ շուքով ու խանդավառութեամբ են ուխտի գնալու Ս. Թադէ եւ միեւնոյն իւրայատկութիւնից ելնելով էլ՝ վերահաստատելու են հոգեւոր արժէքներին կառչելու աւանդոյթը եւ յատկապէս իրենց 100-ամեայ պահանջատիրական պայքարին ընդառաջ՝ ամրագրելու են համազգային միասնականութեան հրամայական ու վարակիչ ոգին: