Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստանի Հանրային ձայնասփիւռի կայանը հաղորդում է, որ Մ.Ա.Կ.-ի ընդհանուր քարտուղար Պան Քի Մունը մտահոգութիւն է յայտնել Քեսաբի վերաբերեալ տարածւած լուրերի մէջ գոյութիւն ունեցող մահապատիժների սարսափելի տեսարանների առնչութեամբ: «Հակառակ նրա, որ Մ.Ա.Կ.-ը չի կարող ստուգել հաղորդւող վայրագութիւնների իսկութիւնը, սակայն մարդու իրաւունքների նկատմամբ աճող բռնութիւններն անհերքելիօրէն շարունակւում են եւ ամբողջ գիւղերի բնակիչներ, ինչպէս օրինակ՝ Քեսաբում, ստիպւած են լինում փախչել»,- ասւած է Մ.Ա.Կ.-ի հաղորդագրութեան մէջ:

Պան Քի Մունը նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ամբողջ թաղամասեր քանդել ու մտահոգութիւն է յայտնել, որ կազմակերպութեան կողմից ահաբեկչական նկատւած խմբաւորումները շարունակում են վայրագաբար յարձակւել քաղաքային բնակչութեան վրայ:

Պան Քի Մունը մտահոգիչ է նկատել Սիրիայում շարունակւող տագնապի ընթացքում վայրագութիւններին մասին տրւած հաղորդագրութիւնները եւ կոչ է ուղղել հակամարտող կողմերին եւ նրանց աջակիցներին պաշտպանելու քաղաքայիններին՝ անկախ նրանց կրօնական, համայնքային եւ ազգային պատկանելիութիւնից: