Աղբիւր՝ www.yerkir.am

2017 թւականի 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբօսաշրջիկ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Cumhuriyet» թերթի հաղորդմամբ` 2017 թւականի յունւար-սեպտեմբերի ամիսներին  կղզի այցելած զբօսաշրջիկների թիւը, նախորդ տարւայ համեմատ, աճել է 25.5 տոկոսով: 2016 թւականին Աղթամար էր այցելել 82 հազար զբօսաշրջիկ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Վանում զբօսաշրջային ակտիւ շրջան են համարւում ամռան ամիսները, երբ հազարաւոր զբօսաշրջիկներ են այցելում կղզի:

Ըստ թերթի` պատմական հայկական եկեղեցիով նշանաւոր դարձած կղզի այցելող զբօսաշրջիկների ճնշող մեծամասնութիւնը իրանցիներն են:

Յիշեցնենք, որ Աղթամար կղզում է գտնւում 10-րդ դարում Գագիկ Արծրունի թագաւորի կողմից կառուցւած Սուրբ Խաչ եկեղեցին:  Այն յայտնի է իր որմնանկարներով ու զարդաքանդակներով:

Թուրքական իշխանութիւնները 2007 թւականին վերանորոգել են եկեղեցին, որը գործում է որպէս թանգարան: Կրօնական ծիսակատարութիւն թոյլատրւում է կատարել տարին մէկ անգամ` սեպտեմբերին` Խաչվերացի տօնին յաջորդող կամ նախորդող կիրակի: Սակայն վերջին երկու տարւայ ընթացքում Թուրքիայում քրդերի եւ թուրքական ուժայինների միջեւ բախումների հետեւանքով եկեղեցում պատարագ չի մատուցւել: