Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքական   Birgün-ի սիւնակագիր Մուսթաֆայ Ք. Էրդեմոլը նախորդ ամիս դիպուկ յօդւած է հրապարակել ազգայնամոլ եւ իսլամիստ թուրքերի մասին, որոնք սեփական երկիրն ու իրենց թւացեալ արժէքները գովաբանելու համար իրականում «օգտւում են» այլ ազգերի, հիմնականում` հայերին պատկանող արժէքներից: Յօդւածում ուշագրաւ անդրադարձ է արւում նաեւ հայ անւանի կոմպոզիտոր Արամ Խաչատրեանին եւ աշուղ-բանաստեղծ Սայաթ-նովային:

«Չգիտեմ` այլ երկրներում ինչպէս է, բայց Թուրքիայում ազգայնական լինելը պէտք է որ դժւար լինի: Քանի որ մերոնք իրենց պատկանող եւ իւրայատուկ համարւող ո'չ մշակոյթ ունեն, ո'չ էլ «միտք»: Խորհրդային միութեան ժամանակներում, երբ երազում էին Թուրքական միութիւն` «Թուրան» ստեղծելու մասին, անգամ դա հունգարացիների գաղափարն էր:

Քննարկումներ են շրջանառւում նաեւ այն մասին, որ իսկապէս շատ վատ ձայն ունեցող «աստղ» Մուսթաֆայ Յըդըզդողանի կողմից օրեր առաջ կատարւած, առաջին անգամ 1993 թւականին թողարկւած «Մեռնեմ յանուն քեզ, Թուրքիաս» երգն իրականում քրդական է: Դու մի ասա` երգը հեղինակել է քրդական «Քոմայ Քամիշլո» խումբը եւ կատարել 1986 թւականին: Ակնյայտ է` Յըլդըզդողանը երգը «թխել է» նրանցից:

Կան նմանատիպ օրինակներ, եւ սա անում են ոչ միայն ազգայնամոլները: Կան նման իսլամիստներ, որոնց երբեմն հանդիպում ենք: Իհարկէ, նրանք այս ամէնն անելիս շատ ծիծաղելի իրավիճակում են յայտնւում: Որոշ ժամանակ համացանցում մեծ տարածում գտաւ յայտնի յեղափոխական «Չաո բելլա» երգը, որն «իսլամացւել» էր, այն երգը, որ պատւիրել էին Ուղուր Ըշըք անունով երգչին` ընտրութիւններում «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ցմահ նախագահ Էրդողանի քարոզչութեան համար: Բացայայտւել էր` այդ երգն էլ պատկանում է «Դոմբրա» անունով ղազախ երաժշտի:

Բայց ազգայնամոլների դէպքում աւելի սարսափելի է: Հակասական մօտեցում է, երբ գողանում են արժէքներ այն ազգերից,  որոնցից վեր են համարում իրենց:  Բա, մարդն այդքան կհակասի՞ իր կարծիքին: «Երբ ալեկոծւում էր Սեւ ծովը» յայտնի երգը, ով ինչ ուզում է` ասի, իսկապէս շատ հաճելի է, այնպիսին է, որ աշխարհին դուր կը գայ: Երգի բառերը ինձ երբեք էլ չեն հետաքրքրել, բայց ամէն անգամ հաճոյքով եմ լսել երաժշտութիւնը: Թուրք ազգայնամոլների այս քայլերգի երաժշտութիւնը մի հայի` մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանին է պատկանում: Որոշ աղբիւրների համաձայն էլ` այն պատկանում է 18-րդ դարի մէկ այլ յայտնի հայ բանաստեղծի` Սայաթ-Նովային: Բայց ամէն դէպքում ազգայնամոլների սրտից ու մտքից դուրս եկած գեղեցկութիւն չէ այն: Գուցէ էթիկական խնդիր չի ծագի, եթէ երգն ու երաժշտութիւնն օգտագործողները նշեն` որտեղից են այն վերցրել: Պէտք է մտածել` հեղինակները կուզէի՞ն, որ դրանք օգտագործւէին ռասիստական, խտրականութեան նպատակով, բայց առնւազն պէտք է նշւի` այն ում, որ ժողովրդին է պատկանում` յարգելով այն մշակոյթը, որտեղից ծնւել է ստեղծագործութիւնը:  Սա գողութիւն է, առգրաւում, ուրիշ ոչինչ:

«Մշակոյթների ազդեցութիւն» ասելով` իրավիճակից դուրս գալու փորձերն էլ չեն փրկի նմանատիպ իրավիճակներում: Հնարաւոր է նաեւ հակառակը` թուրքերին պատկանող շատ մեղեդիներ էլ գուցէ օգտագործւում են այլ հասարակութիւնների կողմից` որպէս սեփականութիւն, ո՞վ գիտի: Խնդիրը սա է` թշնամի համարածդ ազգերի վրայ յարձակւում ես նրանց սեփական մշակոյթով: Հայից գողացւած երգերով ազգայնամոլութիւն ենք «խաղում», դարձեալ հայից գողացւած հալւայով հոգեհանգստի հիւր ենք ընդունում (մուսուլմաններն իրականում չունեն նման սովորոյթ):

Յետոյ էլ ի՞նչ` «Մեռնեմ յանուն քեզ, Թուրքիաս»: Չէ մի չէ, արա'»,- գրել է Էրդեմոլը: