Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրութիւնների երկրորդ փուլով առաջադրւած հայ եւ հայամէտ թեկնածուներից գրեթէ բոլորը յաղթանակ են տարել: Հայազգի թեկնածուների մեծ մասն առաջադրւած է եղել նախագահ Էմանուէլ Մակրօնի ղեկավարած շարժման` «Առաջ հանրապետութեան» (En Marche!) կողմից:

Ռոնի 13-րդ ընտրատարածքում յաղթանակ է տարել Դանիէլ Կազարեանը (En Marche!)` ստանալով ձայների 52.35 տոկոսը: Օր-Է-Լուարի առաջին ընտրատարածքից ընտրւել է Գիյոմ Կասպարեանը (En Marche!)` 55.18 տոկոսով: Ժակ Մարիլոսեանն ընտրւել է Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքից` ստանալով ձայների 57.8 տոկոսը:

Հայազգի թեկնածուներից պարտութիւն է կրել միայն Պասկալ Շամասեանը` Բուշ դու Ռոնի առաջին ընտրատարածքում զիջելով Հանրապետականներին ներկայացնող Վալերի Բուայէին, ով Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծերից մէկի հեղինակն է:

Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններից ու տարբեր կուսակցութիւններից ընտրւել են նաեւ հայանպաստ դիրքորոշում ունեցող բազմաթիւ թեկնածուներ, ինչպէս օրինակ` Գի Տեսիէն, Ֆրանսուա Միշել Լամբերը, Ժան Լիւկ Կարւունասը, Ֆրանսուա Պուպոնին, Վալերիա Ֆոր-մունտեանը, Բրունոյ լը Մերը, Ժան Կրիստոֆ Լագարդը եւ ուրիշներ: Հայանպաստ դիրքորոշում ունեցող պարտութիւն կրած թերեւս ամենայայտնի թեկնածուն Ֆրանսուա Ռոշբլուանն է: