Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի շրջանի Մարաթուկ լեռան վրայ գտնւող հայկական սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցու աւերակներից հնամեայ պատմական մի գիրք եւ մի շարք այլ արժէքաւոր գտածոներ են յայտնաբերւել. այս մասին տեղեկացրել է Սասունի հայերի միութեան նախագահ Ազիզ Տաղճը:

Ըստ թրքական «Մայնեթ» կայքի, եկեղեցու վերանորոգման աշխատանքներն սկսելու համար, կազմակերպւել էր մաքրութեան եւ աւերակ կտորների հաւաքման արշաւ, որին մասնակցել են նաեւ Բաթմանի թանգարանի մասնագէտները:

«Աւերակների միջից գտել ենք խաչաձեւ իրեր, ձիու սմբակի նալեր եւ հայերէն գրութեամբ մի մեծ գիրք»,- կայքին տեղեկացրել է Տաղճը՝ նշելով, որ գտածոների մասին անմիջապէս տեղեկացրել են տեղի ոստիկանութեանը եւ նրանք յանձնել են Բաթմանի թանգարանին:

«Մեր նպատակն է 2 տարի առաջ փլուզւած այս եկեղեցին վերականգնել եւ վերանորոգել: Ենթադրում ենք, որ 2973 մեթր բարձրութիւն ունեցող Մարաթուկ լեռան գագաթին գտնւող այս եկեղեցու մէջ յայտնաբերւած գտածոները շուրջ 2000 տարւայ պատմութիւն ունեն: Նաեւ դիմել ենք Բաթմանի նահանգապետարան՝ դէպի եկեղեցի տանող առանձին մի ճանապարհ բանալու փափագով»,- եզրափակել է Սասունի հայերի միութեան նախագահը: