Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Եւրամիութեան արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնի գրասենեակը մօտ մէկ ամիս անց պատասխանել է Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի նամակին, որում կառոյցն ուշադրութիւն է հրաւիրել պատերազմի յորձանուտում յայտնւած սիրիահայերի եւ Քեսաբի խնդիրներին:

Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսօղլուն նշել է, որ Եւրամիութիւնը կիսում է սիրիահայերի կենսական պայմանների հետ կապւած մտահոգութիւնները:

Էշթոնը, ըստ նոյն աղբիւրի՝ տեղեակ է Քեսաբի եւ միւս բնակավայրերի դէմ յարձակումներին եւ ջանքեր է գործադրում՝ չէզոքացնելու «Ալ Քաիդա»-յի եւ նրա հետ համագործակցող ուժերի ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում:

«Հաւատացած եղէք, որ մենք մեր ուժերի ներածին չափով գործադրում ենք բոլոր հնարաւոր միջոցները ծայրահեղականութեան դէմ պայքարում եւ կողմ ենք կրօնական, ազգային փոքրամասնութիւնների խաղաղ համակեցութեանը»,- ասւած է Ե.Մ.-ի արտաքին յարաբերութիւնների պատասխանատուի նամակում: