Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայոց Ցեղասպանութեան ժխտման թէզի հեղինակ Թուրքիայի Պատմագիտական ընկերութեան (ԹՊԸ) նախագահ Մեթին Հիւլաղուի պաշտօնավարման ժամկէտը չի երկարացւել եւ նա հարկադրւած է հրաժարական տալ: Վերջնիս եւ կառոյցի՝ «Հայկական բաժնի» ակադեմիկոսների հրաժարական տալու մասին խօսակցութիւնները Թուրքիայում դարձել են վերջին օրերի ուշադրութեան արժանի զարգացումներից:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, «Ակօս»-ը գրում է, որ տարածւած լուրերի համաձայն՝ Հիւլաղուի պաշտօնավարման ժամկէտը չերկարացւելու պատճառը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի՝ 2015 թւականին ընդառաջ Հայկական Հարցում թուրքական կառավարութեան որդեգրած նոր մօտեցման նկատմամբ կառոյցի ղեկավարի անհամաձայնութիւնն է, եւ ԹՊԸ-ն կանգնած է վերակառուցման շեմին:

Ըստ թերթի՝ Հիւլաղուի պաշտօնանկութեան պատճառը իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ապրիլի 23-ին հայերին «ցաւակցելու» յայտարարութեան յաջորդ օրը Վանում կազմակերպւած գիտաժողովում ունեցած ելոյթն է եղել:

Վանում ապրիլի 24-ին կազմակերպւած «Հայերն Առաջին համաշխարհային պատերազմում» խորագրով հակահայկական գիտաժողովում ԹՊԸ-ի կողմից հրատարակւած «Թուրքերն ու հայերը պատմութեան մէջ» գրքի ներկայացման ժամանակ Հիւլաղուն Էրդողանի յայտարարութեան առնչութեամբ ասել էր, թէ «Թուրքերը ցաւում են անգամ անասունների համար, ինչպէ՞ս կարող էին նրանք մարդկանց կոտորել»: Թուրքական կառավարութիւնում Հիւլաղուի այդ յայտարարութիւնը գնահատւել է որպէս Էրդողանի «ցաւակցական» յայտարարութեան հետ չներդաշնակւող: «Յետնաբեմերից արտահոսած տեղեկութիւններով՝ ԱԶԿ-ի իշխանութիւնը որոնումների մէջ է՝ 2015 թւականից առաջ իր որդեգրած նոր քաղաքականութեան հետ համապատասխան աշխատող եւ «միջազգային յարգանք վայելող» ԹՊԸ-ի նոր ղեկավարի հարցում: Իսկ դա հարց է առաջացնում՝ ԹՊԸ-ն նոր ժամանակաշրջան է սկսո՞ւմ»,- գրում է «Ակօս»-ը եւ յոյս յայտնում, որ ԹՊԸ-ի համար նախատեսւող նոր ղեկավարութիւնը արդարացնի յիշատակւած «յարգանքը»: