Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքական իշխանութիւնների ֆինանսաւորմամբ վերակառուցւող Կարին (Էրզրում) քաղաքի հայկական վարժարանի պատմական շէնքը այսուհետեւ կօգտագործւի որպէս Քեմալ Աթաթուրքի շարժման եւ Էրզրումի կոնգրեսի թանգարան: Այս մասին յայտնում է «Horizonweekly»-ն:

1881 թւականին կառուցւած Սանասարեան վարժարանում 1919 թւականի յունիս-օգոստոս ամիսներին տեղի է ունեցել Էրզրումի կոնգրեսը, որի ընթացքում Թուրքիայի ապագայ հանրապետութեան ստեղծման հիմքն է դրւել (1923): Հանրապետութեան հռչակումից յետոյ հայկական կրթօջախի շէնքը ծառայել է տարբեր նպատակների՝ 1920-1921 եղել է արւեստի դպրոց, 1922-23-ին՝ լսարան, 1924-ին` նախակրթարան, 1940-ին` Աթաթուրքի անւան արւեստի դպրոց: 1960 թւականից ի վեր իր դռները բացել է որպէս Աթաթուրքի եւ Էրզրումի կոնգրեսի թանգարան, այնուհետեւ վերածւել է ազգային պալատների վարչութեան կենտրոնի: Վերանորոգումից յետոյ այն դարձեալ կօգտագործւի որպէս թանգարան:

Էրզրումի փոխնահանգապետ Օմեր Հիլմի Եալմըն տեղեկացրել է, որ շէնքի վերականգնման համար ծախսւել է արդէն 5 միլիոն թուրքական լիրա (աւելի քան 2.5 միլիոն դոլար):

Նշենք, որ 1881-1915 թւականներին Սանասարեան վարժարանի շրջանաւարտներ են եղել բազում հայ մտաւորականներ եւ հասարակական գործիչներ: