Տղամարդկանց բասկետբոլի 2023 թւականի աշխարհի առաջնութեան շրջագծում, որը կանցկացւի սեպտեմբեր ամսին, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հանդէս է եկել խորհրդանշական ակտով, որով խաղերի գաւաթը առաջնութեանը մասնակցող մի շարք երկրներում, այդ թւում նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութիւնում, յանձնւել է հանրային ցուցադրութեան։

Համաձայն ծրագիր-ժամանակացոյցի, գաւաթի ցուցադրութիւնը Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցաւ մայիսի 12-ին, իսկ Սպահանում՝ մայիսի 14-ին:

Այս կարեւոր իրադարձութեան համար, Սպահան քաղաքում Բասկետբոլի ֆեդերացիայի կողմից նկատի առնւած վայրերից էր նաեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքը։

Եւ այսպէս՝ մայիսի 14-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում ցուցադրւեց առաջնութեան գաւաթը։ Յատկանշելի է, որ գաւաթը նաեւ տարւեց «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի։ Միջոցառմանը մասնակցում էին ՖԻԲԱ-ի պատասխանատու Շենգ Ժուբինը, ֆեդերացիայի քարտուղար Մոհսէն Մոէզիֆառը, Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի տնօրէն Ջաւադ Դաւառին, Սպահան նահանգի բասկետբոլի վարչութեան տնօրէն Ահմադ Ռէզային եւ այլ պատասխանատուներ, ինչպէս նաեւ Նահանգի բասկետբոլի վարչութեան հրաւէրով նահանգի բասկետբոլի վետերանները, այդ թւում Իրանի կանանց բասկետբոլի աստղ՝ Այլին Մելիքեանը։ Արտերկրում գտնւելու պատճառով բացակայ էր Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի նախկին անդամ Արէն Դաւուդին։

Սոյն արարողակարգին ներկայ էին թեմիս թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը։

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի