Աղբիւր՝ www.yerkir.am

Շարունակւում է Վահրամ Բաղդասարեանի գլխաւորած ՀՀ ԱԺ Հայաստան-իրան բարեկամական խմբի պատւիրակութեան այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն:

Դեկտեմբերի 12-ին պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Մէջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին յարաբերութիւնների եւ պաշտպանութեան յանձնաժողովների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել են հայ-իրանական համագործակցութեան բազմաշերտ հարցեր, մասնաւորապէս փոխգործակցութիւնը տնտեսութեան, էներգետիկայի, արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան ոլորտներում:

Տնտեսական համագործակցութեան շրջանակում կողմերը քննարկել են Մեղրիում ստեղծւող տնտեսական ազատ գօտու աշխատանքներին, հնարաւորութիւններին ու գործունէութեան յետագայ կազմակերպմանն առնչւող հարցեր: Մասնաւորապէս անդրադարձ է եղել իրանական եւ հայկական արտադրանքների շրջանառութեանն ինչպէս հայկական եւ իրանական, այնպէս էլ կողմերի միջնորդութեամբ ու աջակցութեամբ այլ շուկաներում:

Էներգետիկայի ոլորտում քննարկւել են երրորդ էլեկտրագծի կառուցմանն առնչւող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ նախապատրաստական աշխատանքներն աւարտւած են, ինչին պէտք է յաջորդեն վերջնական նախագծման եւ կառուցման փուլերը: Ձեռք են բերւել որոշակի պայմանաւորւածութիւններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ: Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պէտք է զբաղւեն կոնկրէտ խնդիրների լուծմամբ` դրանցում ներգրաւելով երկու երկրների գործադիր իշխանութիւնների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներին: Նախատեսւել է իրականացնել բազմակողմ համաժողովներ, որոնց նախաձեռնութեամբ հանդէս կը գան Հայաստանի եւ Իրանի խորհրդարանները:

ԻԻՀ Մէջլիսի ներկայացուցիչները հաւաստել են, որ իրանական օրէնսդրութիւնը լիբերալ է, ինչը լայն հնարաւորութիւն է տալիս խորացնելու արդիւնաւէտ համագործակցութիւնը քննարկւած ոլորտներում: Վերահաստատւել է, որ իրանական կողմը պատրաստ է քննարկել ու համագործակցութեան նոր հնարաւորութիւններ ստեղծել բոլոր ոլորտներում:

Պատւիրակութեան կազմում են ՀՀ ԱԺ պատգամաւորներ Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը, Նիկոլ Փաշինեանն ու Աղւան Վարդանեանը: