Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետութիւնում գտնւող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեանը` Վահրամ Բաղդասարեանի գլխաւորութեամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մէջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատւիրակութեան կազմում են ՀՀ ԱԺ պատգամաւորներ Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը, Նիկոլ Փաշինեանն ու Աղւան Վարդանեանը:

Վահրամ Բաղդասարեանը մասնաւորապէս նշել է. «Թէեւ նախորդ տարիների համեմատ նւազել է երկկողմ առեւտրաշրջանառութեան մակարդակը, սակայն մենք տեսնում ենք դրա զարգացման ճանապարհը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղութեամբ»: Վահրամ Բաղդասարեանը յաւելել է նաեւ, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Աղւան Վարդանեանն իր խօսքում մասնաւորապէս նշել է. «Իրանը բացառիկ դերակատարութիւն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում, եւ անկախ բոլոր հնարաւոր ու անհնար ճնշումներից` Իրանը միշտ կարողացել է պահել իր ինքնուրութիւնն ու յստակ քաղաքականութիւնը: Այս օրերին էլ հերթական սադրանքներ, որոշակի խնդիրներ կան, բայց ես վստահ եմ, որ Իրանը չի տրւի որեւէ սադրանքի եւ կշարունակի իր քաղաքականութիւնը»:

Խօսելով Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների մասին` Աղւան Վարդանեանն ասել է, որ երկու պետութիւնների յարաբերութիւնների զարգացումն այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինեանն իր խօսքում նկատել է, որ վերջին տարիներին Իրանում դրական փոփոխութիւնները տպաւորիչ են, Իրանը նկատելիօրէն առաջ է շարժւում:

Նիկոլ Փաշինեանը յաւելել է, որ Իրանի հետ բարեկամութեան զարգացմանը խոչընդոտելուն միտւած ճնշումները Հայաստանի նկատմամբ թէեւ քիչ չեն, սակայն հայկական կողմն ակտիւօրէն շարունակում է զարգացնել համագործակցութիւնը:

Կորիւն Նահապետեանն առաջարկել է ստեղծել աշխատանքային յատուկ խումբ, որը կգոյքագրի Հայաստան-իրան համագործակցութեան հիմնական ուղղութիւնները եւ յատուկ մշակւած ծրագրերի իրագործմամբ կը հասնի համագործակցութեան առաւել բարձր աստիճանի, ինչում մեծ դեր կարող են ունենալ երկու պետութիւնների խորհրդարանները:

Վահէ Էնֆիաջեանը, խօսելով երկու պետութիւնների համագործակցութիւնից, տեղեկացրել է, որ միջազգային հարթակներում ՀՀ պատգամաւորները, լաւ ճանաչելով Իրանի մշակոյթը, քաղաքական ու տնտեսական իրավիճակը, մշտապէս խօսում են Իրանի մասին, վերջինիս հնարաւորինս ներկայացնում աշխարհին:

ԻԻՀ Մէջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր ողջոյնի խօսքում մասնաւորապէս նշել է, որ տարածաշրջանում բոլոր ճնշումներով հանդերձ իրանական կողմը մշտապէս պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ թէ խորհրդարանական եւ թէ կառավարութիւնների մակարդակում:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` Ալի Լարիջանին նշել է, որ տարածաշրջանում հակամարտութիւնների սրումը որեւէ մէկին օգուտ չի կարող տալ. դրանք պէտք է լուծւէն բանակցութիւններով: Խօսելով Մեղրիում նախատեսւող ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին` Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջարկել է լայն համագործակցել իրենց երկրի առեւտրային պալատի հետ:

Ալի Լարիջանին բարեկամական խմբերին յորդորել է առաւել ակտիւացնել համագործակցութիւնն ու աշխատել տնտեսական կապերն առաւել զարգացնելու ուղղութեամբ: