Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասեանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին:

Հանդիպման ընթացքում քննարկւել են հայկական արտադրանքի` Իրան արտահանման ծաւալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երեւանում եւ մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենեակ հիմնելու հետ կապւած հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատասխանութիւն մահմեդական աւանդոյթներին: Հալալ պիտակաւորմամբ  արտադրանքը համարւում է մաքուր արտադրանք:  

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասեանը կարեւորել է Հայաստան-Իրան համագործակցութիւնը եւ նշել, որ երկու երկրների միջեւ գործակցութիւնը զարգացնելու հնարաւորութիւնները շատ աւելի մեծ են: 

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենեակ բացելը նոր խթան կը հանդիսանայ հայ գործարարների կողմից դէպի Իրան արտահանման ծաւալների մեծացման համար:

«Հայաստանից արտահանւող արտադրանքը նման պիտակաւորմամբ կը նպաստի արտադրական ծաւալների մեծացմանը, քանի որ կը յանգեցնի տւեալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործութիւն կունենայ նաեւ զբօսաշրջութեան ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կը մատուցւի զբօսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը: 

Տարասեանը կարեւորել է նաեւ Հայաստանում եւ Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտութիւնը եւ համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիութիւնը, ինչը փոխշահաւէտ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար: 

Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռւած է Հայաստանի հետ համագործակցութեամբ եւ ջանք չի խնայում երկու երկրների յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ:

Նա եւս կարեւորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենեակի բացումը` նշելով, որ այն հնարաւորութիւն կը տայ աւելացնելու Հայաստանից դէպի Իրան եւ այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպէս նաեւ կը նպաստի զբօսաշրջութեան զարգացմանը: 

Ղորբանին նաեւ աւելացրել է, որ Հայաստանում արտադրւած ապրանքները շատ բարձր որակի են եւ իրանական կողմը եւս շահագրգռւած է Հայաստանից արտահանւող ապրանքների աւելացմամբ:

Հանդիպման ընթացքում կարեւորւել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարաւորութիւն կը տայ արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենեակի բացման եւ սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիութեան գործընթացը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցութեանը եւ Մեղրիի տարածքում ազատ տնտեսական գօտու ստեղծմանը:

Այս մասին տեղեկացնում է նախարարութեան մամուլի ծառայութիւնը: