Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին «Civilnet»-ին տւած հարցազրոյցում պատասխանել է երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային կարեւորագոյն խնդիրների շուրջ հարցերին։ Այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։

Այս մասին է տեղեկացրել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան տելեգրամային ալիքը: Նշենք, որ հրապարակումը կատարւել է «Civilnet»-ով հարցազրոյցի ամբողջական տեսանիւթը հրապարակւելուց առաջ:

Դեսպան Սոբհանին կտրականապէս հակազդել է Հայաստանով անցնող երթուղիների համար «միջանցք» բառի օգտագործումը եւ յաւելել. «Նման յայտարարութիւնների ստւերում թաքնւած նպատակներ կան։ Մենք աջակցում ենք Հայաստանի անկախութեանը, տարածքային ամբողջականութեանը եւ ինքնիշխանութեանը, եւ դէմ ենք այն ամենին, ինչը կարող է վտանգել նրա միջազգային սահմանները։ «Միջանցք»-ի կիրառման հետ կապւած պէտք է նշեմ, որ քաղաքագիտութեան մէջ դա նշանակում է հաղորդակցութեան երթուղի, սակայն, կարծես, երբ այն առնչւում է Հայաստանին, ստանում է յատուկ իրաւական նշանակութիւն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն յատուկ իմաստով են օգտագործում, եւ իրենց յայտարարութիւնների ստւերում յետին նպատակներ ունեն»։

Դեսպանի խօսքով՝ Իրանը դէմ չէ հաղորդակցութեան ուղիների վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողութիւնից դուրս ճանապարհների առկայութիւնը։

«Մենք դէմ ենք այն երթուղիներին, որոնք դուրս են Հայաստանի ինքնիշխանութիւնից եւ կասկածի տակ են դնում Հայաստանի անկախութիւնը»,- յստակ ձեւակերպումով ասել է նա։

Մեհդի Սոբհանին մի քանի անգամ ընդգծւած կրկնել է, որ իրանական կողմի կարծիքով՝ անընդունելի է այն ճանապարհը, որն անցնելու է Հայաստանով՝ առանց Հայաստանի վերահսկողութեան կամ նրա ինքնիշխանութիւնից դուրս:

Դեսպանը նշել է. «Հայաստանի հետ մեր սահմանը թէեւ ամենակարճն է, բայց դա լաւագոյն սահմանն է Իրանի համար։ Մեզ երբեք չի սպառնացել Հայաստանը, եւ Հայաստանը երբեւէ վտանգ չի զգացել Իրանի կողմից։ Մեր սահմանը բարեկամութեան եւ փոխշահաւէտութեան օրինակ է։ Հայաստանի համար այն եղել է Իրանի, Պարսից ծոցի եւ հարաւային երկրների հետ հաղորդակցւելու եւ Հնդկաստան ու ազատ ջրեր հասնելու սահման»։

Սոբհանին ընդգծել է, որ Իրանի համար եւս Հայաստանը ճանապարհ է դէպի հիւսիս, Վրաստան, Սեւ ծով եւ հիւսիսային ճանապարհի երկայնքով գտնւող երկրներ։

Աշխատանքային այցով Սպահան ժամանած Կապան քաղաքի համայնքապետարանի պատւիրակութիւնը, շաբաթ՝ Հոկտեմբերի 22-ին, հանդիպում ունեցաւ Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադէի հետ։ Սոյն հանդիպմանը ներկայ էր նաեւ Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան առաջին գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ալի Ղասեմզադէն, յանուն Սպահանի քաղաքապետարանի, իր համակողմանի պատրաստակամութիւնը յայտնեց՝ կիսելու տեխնիկական եւ բիզնես գիտելիքները Կապանի քաղաքապետարանի հետ, ինչպէս նաեւ ընդլայնելու մշակութային եւ գեղարւեստական ​​միջոցառումների անցկացման հնարաւորութիւնը։

Նա շարունակեց. «Մենք շահագրգռւած ենք Կապան քաղաքի եւ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի միջեւ քոյրութեան հաստատմամբ, որն աւելիով է խորացնելու արդէն իսկ գոյութիւն ունեցող համագործակցութիւնը»։

Մորթեզա Աբեդին Վարամինը յիշեցնելով, որ այսօր Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացման առաջին տարեդարձն է, նշեց, թէ Կապանի ընտրութիւնը այս նպատակի համար պատահական չէր։ Կապան քաղաքի մօտ գոյութիւն ունի 400 տարւայ վաղեմութիւն ունեցող կամուրջ, որը կառուցւել է Շահ Աբբաս թագաւորի օրօք, ինչպէս նաեւ մուսուլմանական մզկիթի հետքեր, որոնք վկայում են Իրան-Հայաստան մշակութային խոր կապերի եւ կրօնական համակեցութեան եւ երկու երկրների՝ միմեանց մշակոյթի ու կրօնի նկատմամբ փոխադարձ յարգանքի մասին:

Նա ընդգծեց, թէ սա համագործակցութեան սկիզբն է, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու երկու քաղաքաների յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ։

Կապան համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանը շնորհակալութիւն յայտնելով ջերմ հիւրընկալութեան համար, դրւատանքի խօսքեր ասաց Սպահանի քաղաքապետարանին՝ քաղաքի նկատմամբ խնամքով վերաբերւելու եւ բնութիւնը պահպանելու համար։

Նա ընդգծելով Իրան-Հայաստան պատմական եւ բարձր մակարդակի յարաբերութիւնները, նշեց, թէ փորձ է արւում նոյն մակարդակի համագործակցութիւն հաստատել նաեւ Սպահանի եւ Կապանի միջեւ։

«Սպահանի քաղաքապետարանի հետ տարբեր մակարդակներում եւ ոլորտներում համագործակցութիւնն ու մտքերի փոխանակումը Սպահան ուղեւորութեան մեր նպատակներից մէկն է։ Կապանը ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունի երկու երկրների համար, քանի որ այդտեղից է անցնում հիւսիս-հարաւ աւտոմայրուղին եւ ապահովւում ելք դէպի Սեւ Ծով եւ ասիական երկրներ», յաւելեց Կապանի համայնքապետը։

Գէորգ Փարսեանը վերջում տեղեկացրեց, թէ երկկողմ համագործակցութեան յետագայ ընդլայնման ծրագրի շրջագծում, նախատեսւել է շատ շուտով ուղիղ չւերթ հաստատել Կապանի եւ Սպահանի միջեւ։

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի

Մենք պաշտպանում ենք ՀՀ տարածքային ամբողջականութիւնը եւ ինքիշխանութիւնը։ Այս մասին Երեւանում ընթացող տնտեսական ցուցահանդէսի ժամանակ յայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք քայլեր կը ձեռնարկենք այս ուղղութեամբ»,- ասել է դեսպանը։

Սոբհանիի խօսքով, Իրանը սկզբունքային քաղաքականութիւն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ յարաբերութիւնները. «Մեր քաղաքականութեան կարեւորագոյն ուղղութիւններից է հարեւան երկրների հետ յարաբերութիւնների զարգացումը։ Իրանը եւ Հայաստանը ոչ մի մակարդակում եւ ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսութեանը, տարեկան մեր առեւտրաշրջանառութիւնը կազմում է 700 մլն. դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչեւ 3 մլրդ դոլարի»։

 

Սպահանի Հայոց Թեմի թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը եւ Թեմական Խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանը եւ թեմի երիտասարդական ծրագրերին կապւած ժամանակի պատասխանատու՝ Սոնիկ Բաղումեանը, շաբաթ՝ 29 յուլիսի 2023 թւականի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի Առաջնորդի ժողովասրահում ընդունեցին Հայաստանից ժամանած «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանին, տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Իգիթեանին եւ արեւելագէտներ Սերգէյ Մելքոնեանին ու Վարուժան Գեղամեանին։

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը եւ իր ուրախութիւնը յայտնեց սոյն կազմակերպութեան անդամներին կրկին անգամ Ազգային Առաջնորդարանի յարկի տակ ընդունելու համար:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանը եւս ողջունելով ներկաներին եւ բարձր գնահատելով կազմակերպութեան աշխատանքը նշեց որ Սպահանի Հայոց Թեմի ժամանակի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, իրանահայ թեմերի երիտասարդների համար մեկնարկւել է «Պատուհան» անւամբ ճանաչողական խորհրդաժողովներ (ֆորումներ) եւ երիտասարդների հմտութիւնները զարգացնող ծրագրեր, որոնք հարկադրաբար «Կորոնա»-ի համաճարակի պատճառով դադարեցւել են, սակայն այժմ նախատեսւում է վերականգնել այդ նախագիծը եւ շարունակել ծրագրերը, որի համար հարկաւոր է նախ ճշտել համապատասխան նախահաշիւն ու ծրագիր-ժամանակացոյցը, որպէսզի հաստատումից յետոյ այն յանձնւի գործադրման:

Առ այդ հաշւի առնելով այն, որ «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան գործունէութիւնը եւ նախագիծը ուղղւած է հայ երիտասարդութեան եւ դրա մէջ նեռարւած են ազգային գաղափարների ու հայրենասիրութեան ուղղւած սկզբունքները, սոյն հանդիպումը յարմար առիթ է քննարկելու նաեւ այդ ուղղութեամբ առկայ համագործակցութիւնների հնարաւորութիւնները:

Սոնիկ Բաղումեանը, մանրամասնօրէն բացատրութիւններ ներկայացրեց, այս ուղղութեամբ մինչ այժմ կատարւած ծրագրերի, ընթացքի եւ նպատակների մասին, շեշտադրելով այն խնդիրը, որ խորհրդի համար առաջնահերթութիւնը երիտասարդներին իրենց մասնագիտական ոլորտներում հմտութիւններ փոխանցելն է եւ այդ միջոցով հայրենիքի հետ կապի հզօրացումը, ինչպէս նաեւ երիտասարդութեանը ապագայի նկատմամբ դրական լիցք փոխանցելը:

Էդգար Էլբակեանը խմբի անունից բարձր գնահատեց ներկայացւած մտայղացումն ու ծրագիրը եւ իրենց կազմակերպութեան անունից պատրաստակամութիւն յայտնեց ցանկացած համագործակցութիւն ցուցաբերելու առումով:

Փակման խօսքով հանդէս եկաւ թեմակալ Առաջնորդը։ Նա յաջողութիւն մաղթելով հիւրերին, յոյս յայտնեց, որ յաջողութեամբ են պսակւելու կազմակերպութեան առջեւ դրւած նպատակները եւ երկկողմ համագործակցութիւնը:

  

 Հանրային կապ

Սպահանի Հայոց Թեմի Ազգ. Առաջնորդարանի 

 

Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կը նշանակւի Հայաստանում Իրանի դեսպան, ըստ ԻՍՆԱ-ի, հաղորդում է «alikonline.ir»-ը։

Շուտով Սոբհանին կը գործուղւի Երեւան՝ որպէս Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլ. Հանրապետութեան նոր դեսպան։

Սիրիայում Իրանի դեսպանի պաշտօնում արդէն հաստատւել է Հոսէյն Աքբարիի թեկնածութիւնը։ Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։

Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլ. Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնը Աբբաս Բադախշան Զոհուրին ստանձնել էր 2020 թւականին։

 

Երեւանում ԻԻՀ դեսպանատանը, մի խումբ հայ պաշտօնեաների եւ քաղաքացիների ներկայութեամբ, տեղի է ունեցել ԻՅՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երրորդ տարելիցի արարողութիւնը։

parstoday.ir-ի համաձայն՝ միջոցառմանը ներկայ է եղել նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը. հաղորդում է «alikonline.ir»-ը։

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, միջոցառման ժամանակ ունեցած ելոյթում, անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւնների ընդլայման գործում գեներալ Սոլէյմանիի դերին, նշել է. «Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները պատմական են, ամուր, եւ ընդլայնւում են երկու ժողովուրդների շահերի շրջանակներում»։

Դեսպան Զոհուրին նշել է. «Գեներալ Սոլէյմանին զոհաբերութեան ճանապարհին էր եւ այս մեծ նահատակի բոլոր գործերը Աստւածահաճոյ էին, եւ նրա բոլոր կարողութիւնները շնորհւել էին Աստծու կողմից»:

Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը նշել է, որ Իրանի քրիստոնեայ համայնքը առանձնայատուկ յարգանք է տածում գեներալ նահատակ Սոլէյմանիի նկատմամբ։

Յունւարի 3-ին գեներալ Սոլէյմանիի նահատակութեան երրորդ տարելիցն էր:

Գեներալ Սոլէյմանին նահատակւեց 2020թ. յունւարի 3-ին՝ Բաղդադի օդանաւակայանի մերձակայքում ամերիկեան ուժերի իրականացրած աւիայարձակման հետեւանքով, որի հրամանը տւել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանն ընդգծում է հումանիտար հարցերի կարեւորութիւնը Լաչինի միջանցքում ստեղծւած իրավիճակի առնչութեամբ:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Տեղեկացնում է «alikonline.ir»-ը։

«Իրանը միշտ ներկայացրել է իր դիրքորոշումը Կովկասի տարածաշրջանի իրադարձութիւնների վերաբերեալ, եւ դրանք միշտ եղել են յստակ: Իրանի ուշադրութեան կենտրոնում միշտ եղել է տարածքային ամբողջականութիւնը եւ յարգանքը միջազգայնօրէն ճանաչւած սահմանների նկատմամբ: Բազմիցս նշւել է եւ շեշտադրւել է հումանիտար հարցերի կարեւորութիւնը Լաչինի միջանցքի հետ կապւած խնդիրների առնչութեամբ»,-շեշտեց նա:

Նրա խօսքով՝ իւրաքանչիւր քայլի ընթացքում տարածաշրջանում հումանիտար հարցերը պէտք է լինեն առաջնային, եւ բոլոր հարցերի լուծման լաւագոյն տարբերակը սեղանի շուրջ բանակցութիւններն են:

«Այդ դէպքում է միայն ուշադրութիւն է դարձւում հումանիտար հարցերին, եւ բնակչութեան առողջութեան հարցը կարեւոր տեղ է գրաւում: Յոյս ունենք, որ իրավիճակը հնարաւորինս շուտ կը կարգաւորւի եւ ամէն ինչ լաւ կը լինի»,-եզրափակեց դեսպանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանութիւններ։ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդը արտահերթ նիստով քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, անդամ երկրների ներկայացուցիչները հանդէս են եկել ելոյթներով՝ հիմնականում շեշտելով նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների պահպանման՝ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման անհրաժեշտութիւնը:

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն, այսօր նոյեմբերի 1-ին երկկողմ հանդիպման աւարտից յետոյ մասնակցել են մամլոյ ասուլիսի. ըստ Alikonline.ir-ի, հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը մամլոյ ասուլիսի սկզբին եւս մէկ անգամ ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ գլխաւորած քաղաքա-տնտեսական պատւիրակութեան այցն Իրան, շեշտելով, որ այն, անկասկած, շրջադարձային նշանակութիւն է ունենալու երկու երկրների յարբերութիւնների հետագայ զարգացման համար:

«Բարիդրացիական յարաբերութիւնների խորացումն Իրանի Իսլ. Հանրապետութեան 13-րդ կառավարութեան կարեւոր քաղաքականութիւններից է»,- նշել է նախագահ Ռէյիսին անդրադառնալով հարեւանների հետ կապերի խորացման Իրանի ծրագրերին:

«Մասնաւորապէս, մի քանի անգամ հանդիպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ եւ բոլոր հանդիպումներին, այդ թւում՝ այսօր կայացած բանացկութիւններին քննարկել ենք տնտեսական, առեւտրային, եւ երկու երկրների անվտանգութեան ոլորտներին առնչւող հարցեր»,- նշել է նա:

Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ վերջին ամիսներին հայ իրանական առեւտրաշրջանառութեան 43 տոկոսանոց աճ է արձանագրւել: «Սակայն, երկու երկրները կանխորոշել են, որպէսզի առեւտրաշրջանառութիւնը հասցնել մինչեւ 3 մլդ. դոլարի աճի»,- ասել է նա:

Ըստ Ռէյիսիի այդ նպատակի իրականացումն ամբողջապէս հիմնաւոր է՝ երկու երկրների կողմից վճռակամութեան դրսեւորման պարագային:

Նախագահ Ռէյիսին նկատել է, որ երկկողմ յարաբերութիւնների բարելաւումը, մասնաւորապէս՝ կարող է ազդել ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ՝ միջազգային յարաբերութիւնների խորացման վրայ:

Նախագահ Ռէյիսին շեշտել է, որ Իրանի պատմութեան եւ մշակոյթի մասնիկն է Կովկասը եւ մեր երկիրը զգայուն է, մասնաւորապէս՝ կովկասեան տարածաշրջանի զարգացումների վերաբերեալ, այդ թւում՝ Կովկաս տարածաշրջանի անվտանգութեան եւ կայունութեան հարցերով:

Նախագահ Ռէյիսին անդրադառնալով Փաշինեանի հետ այցի քննարկումներին շեշտել է, որ կովկասեան հարցերի լուծումը հնարաւոր է միայն տարածաշրջանի խաղացողների ջանքերով, հետեւաբար անհրաժեշտ է բացառել արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնն, որն ինքնին նոր խնդիրների առաջացման պատճառ է դառնում:

Հանրապետութեան նախագահը Կովկասի տարածաշրջանի համագործակցութեան ներուժի իրացման անհրաժեշտութեան շեշտադրումով նկատել է, որ առկայ ներուժի իրացումը կապահովի տարածաշրջանի ե՛ւ կայունութիւնը, ե՛ւ խաղաղութիւնը:

Հանրապետութեան նախագահը նաեւ յոյս է յայտնել, որ Նիկոլ Փաշինեանի այցի արդիւնքները կարող են նպաստել Թեհրանի եւ Երեւանի միջեւ ձեռքբերւած համաձայնագրերի կատարմանը՝ արձանագրելով յարաբերութիւնների զարգացում:

Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին անդրադարձել է հայ-իրանական յարաբերութիւնների խորացման անհրաժեշտութեանը: Նա Իրանի նախագահին զեկուցել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքների մասին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ յայտարարութեան վերաբերեաթ, եւ ողջունել է Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ուղղութեամբ:

Փաշինեանն անդրադառնալով ԻԻՀ նախագահի հետ հանդիպմանը նշել է, որ քննարկումներ են ծաւալւել տնտեսական, առեւտրային եւ քաղաքական ոլորտների յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ:

Նիկոլ Փաշինեանը նաեւ ուրախութիւն է յայտնել Իրանի նախագահի հետ իր հանդիպման արդիւնաւէտութեան համար: Շեշտելով, որ համապատասխան նախարարները փոխըմբռնման յուշագրեր են ստորագրել էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ոլորտների վերաբերեալ:

Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի Իսլ. Հանրապետութեան Իրանի հայերի նկատմամբ դրսեւորած բարիացակամութիւնը, այդ թւում՝ տարբեր կրօնների հետեւորդների միջեւ կայացած խաղաղ համակեցութեան պայմանների ապահովումը:

Նիկոլ Փաշինեանը նաեւ ԻԻՀ նախագահին հրաւիրել է Երեւան: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին՝ «Շահ Չերաղի» սրբավայրի ահաբեկչական վերաբերեալ. ըստ Alikonline.ir-ի, հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Խորը վշտով տեղեկացել ենք «Շահ Չերաղի» ահաբեկչական գործողութեան վերաբերեալ, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են տասնեակ քաղաքացիներ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչական գործողութիւններն իր ամբողջական ձեւաչափով:

Խորապէս ցաւակցում եւ վշտակցում ենք միջադէպի հետեւանքով զոհւած քաղաքացիներին եւ նրանց հարազատներին կրած հետեւանքների համար, եւ շուտափոյթ ապաքինում ենք ցանկանում տուժածներին»:

 

Կապանում պաշտօնապէս բացւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութիւնը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանն այն համարում է երկու բարեկամ եւ հարեւան երկրների ջերմ յարաբերութիւնների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման իւրօրինակ հանգրւան:

Հոկտեմբերի 21-ին Կապանում հիւպատոսութեան բացման արարողութեանը կարմիր ժապաւէնը կտրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը: Ըստ «alikonline.ir»-ի հաղորդում է «Արմէնպրես»-ը։

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարեայ եւ բարիդրացիական յարաբերութիւնների պատմութեան մէջ:  Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հիմնումն ու արդիւնաւէտ գործունէութիւնը նոր որակ կը հաղորդեն երկու երկրների առանձնայատուկ յարաբերութիւններին, կը խթանեն երկկողմ փոխգործակցութիւնն ու կը նպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,-ասաց Միրզոյեանը:

Նախարարը յատկանշական համարեց, որ այս կարեւոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստան եւ Իրանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-րդ տարում:

«Անցած 30  տարիների ընթացքում մեր անցած ուղին նշանաւորւել է ռազմավարական բնոյթ ունեցող յարաբերութիւնները եղբայրութեան եւ սերտ գործընկերութեան ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով: Վստահ եմ, որ յետայսու եւս կը ներդրւեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագայ  փոխշահաւէտ համագործակցութիւնն աւելի խորացնելու եւ ամրապնդելու համար»,- ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյեանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապէս ընկալում եւ բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող այս հատւածում՝ Սիւնիքի մարզում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու Իրանի որոշումը: «Ցանկանում եմ եւս մէկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրութիւնը՝ Թաւրիզում գլխաւոր հիւպատոսութիւն հիմնելու վերաբերեալ: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Հայաստանի համար մշտապէս եղել է եւ կը շարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցութիւնը ներառում է բաւականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպէս նաեւ առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբօսաշրջութեան, մշակոյթի, գիտութեան, կրթութեան ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիայոյս ենք, աւելի կը խորանան  եւ որակական ու գործնական նոր շունչ կը ստանան այսօր բացւող գլխաւոր հիւպատոսութեան շնորհիւ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա վստահութիւն յայտնեց, որ գլխաւոր հիւպատոսութիւնը մեծապէս կը նպաստի նաեւ հայ եւ իրանցի ժողովուրդների միջեւ մարդկային շփումների առաւել ակտիւացմանը: «Այն կը դառնայ երկու բարեկամ եւ հարեւան երկրների ջերմ յարաբերութիւնների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման իւրօրինակ հանգրւան»,- ընդգծեց Միրզոյեանը:

Նա հիւպատոսին շնորհաւորեց Հայաստանում Իրանի գլխաւոր հիւպատոսի պատասխանատու պաշտօնում նշանակման կապակցութեամբ:

Սեպտմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցութեամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Ըստ Alikonline.ir-ի, Գրում է Tert.am-ը:

Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսն Արարատ Միրզոյեանին է յանձնել հիւպատոսական արտոնագիրը: Այնուհետեւ՝ ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է յանձնել էկզեկւատուրան: 

Կողմերը գոհունակութիւն են յայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, յատկապէս՝ վերջին շրջանի շփումների ակտիւացման կապակցութեամբ: 

Արարատ Միրզոյեանը նշել է, որ Իրանի գլխաւոր հիւպատոսութեան բացումը կարեւոր եւ խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցութիւնն առաւել խորացնելու եւ որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամութեան մասին: Համոզմունք է յայտնել, որ գլխաւոր հիւպատոսութիւնն իր գործունէութեամբ կը նպաստի, Սիւնիքի մարզում առեւտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագաւառներում առկայ ներուժի առաւել արդիւնաւէտ իրացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան հարցերին:  

Արարատ Միրզոյեանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերեալ իրանական կողմից արտայայտւող վճռական ու յստակ դիրքորոշումները:

 

 Հանրապետութեան նախագահը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետի հետ 

 Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:  Հաղորդում է «alikonline.ir»-ը:

ՀՀ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղութեամբ իրականացւող սադրիչ եւ ագրեսիւ գործողութիւնների վերաբերեալ: Տեղեկութիւնը հաղորդել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Նախագահ Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է եւ Իրանն ուշադրութեամբ հետեւում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթիւնները պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհով եւ պետութիւնների տարածքային ամբողջականութեան վերաբերեալ Իրանի դիրքորոշումը յստակ է:

Իրանի նախագահը յիշատակել է Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Այաթ. Խամենէիի խօսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպէտք է վտանգւի, իսկ հաղորդակցութեան ուղիները պէտք է լինեն պետութիւնների սուվերենութեան ներքոյ:

Էբրահիմ Ռէյիսին շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը՝ յաւելելով, որ Հայաստանի անվտանգութեան հարցը կարեւոր է Իրանի համար:

Ինչպէս յայտնի է Իրանի եւ Հայաստանի միջեւ գործում է բեռնափոխադրումների համար մուտքի տուրքեր, սակայն, վերջերս երկու կողմերի տարբեր պաշտօնեաներ յայտարարել են, որ պատրաստ են տուրքերի փոխադարձ չեղարկմանն: Այդ հարցի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանի հետ։ Հաղորդում է «alikonline.ir»-ը:

Արա Շահվերդեանի հետ զրոյցի ընթացքում հետաքրքրւեցինք, կարող է արդեօք պարզել այդ յայտարարութիւնները համապատասխանում են իրականութեանը, թէ՞ ոչ։

Շահվերդեանը նշեց. «Իրանն ու Հայաստանը նախնական պայմանաւորւածութիւն են ձեռք բերել աւտոմեքենաների մուտքի համար մաքսատուրքերի գների նւազեցման վերաբերեալ: Կողմերի միջեւ վերջերս նաեւ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել բեռնափոխադրումների հետ կապւած խնդիրների լուծման հարցով»։

Շահվերդեանը նշեց, որ նախնական համատեղ աշխատանք է իրականացւել, որպէսզի երկու երկրները միաժամանակ չեղարկեն վճարումները խոշոր բեռնատարների մուտքի համար։

Հարցմանը, թէ արդեօք մաքսատուրքերի գների երկկողմանի չեղարկման  վերաբերեալ՝ հնարաւո՞ր է մօտաւոր թւականներ նշել, Արա Շահվերդեանը պատասխանեց. «Բեռնափոխադրումների ծաւալների աճի ապահովման, տուրքերի երկկողմանի չեղարկման վերաբերեալ առայժմ շարունակւում են բանակցութիւններ։ Հնարաւոր ժամկէտներ, դեռեւս պարզ չեն, սակայն հայկական կողմի մօտ պակասում է անհրաժեշտ կամքի առկայութիւնը»։

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն ընդգծեց. «իրանական կողմի մօտ տպաւորութիւնն այն է, որ Երեւանը չի ցանկանում գնալ այդ քայլին՝ տուրքերի չեղարկմանն, որն բնականաբար նաեւ այդ երկրի համար եկամուտի մեծ աղբիւր է. Սակայն, այդ ծրագրի իրականացումը կարող է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների սրընթաց աճին»։

Նշենք, որ ըստ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութեան՝ Հայաստան իրանական բեռնատարների մուտքի եւ Իրանի տարածք հայկական բեռնատարների մուտքի դրոյքաչափերը սահմանւում են ՀՀ Հարկային օրէնսգրքի 188-րդ յօդւածի համաձայն։ Ըստ այդ յօդւածի, որի ամբողջական ցուցակը ներկայացրել է Taxinfo կայքը, օրինակ, մինչեւ 1,5 տոննա ներառեալ քաշով բեռնատարների համար 15 օրով Հայաստան մուտք գործելու վճարը կազմում է 15 հազար դրամ: 20-30 տոննա քաշով բեռնատարների համար 15 օրով Հայաստան մուտք գործելու վճարը կազմում է 110 հազար դրամ, 100 տոննայից աւելի՝ 753 հազար դրամ:

 

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Իրանի արտգործնախարարութիւնը հայերէն գրառմամբ ցաւակցութիւն է յայտնել Հայաստանի ժողովրդին եւ Կառավարութեանը՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի կապակցութեամբ:

«Ցաւով տեղեկացանք Երեւանում տեղի ունեցած պայթիւնի ողբերգական դէպքի մասին, որը յանգեցրել է տասնեակ զոհերի եւ վիրաւորների: Ցաւակցելով Հայաստանի ժողովրդին եւ Կառավարութեանը եւ կարեկցանք յայտնելով դէպքի հետեւանքով զոհւածների ընտանիքներին` վիրաւորներին մաղթում ենք շուտափոյթ ապաքինում»,- նշւած է Իրանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտօնական միկրոբլոգում:

ՀՀ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւնն իր ցաւակցութիւնն է յայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դէպքի կապակցութեամբ:

«Երեւանում ԻԻՀ դեսպանութիւնն իր ցաւակցութիւնն է յայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւածների ընտանիքներին։ Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգութեան ցաւը։ Զոհւածների ընտանիքներին մաղթում ենք համբերութիւն, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ տեղեկացնում է «alikonline.ir»-ը։

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի, ըստ Կառավարութեան կայքի հաղորդում է «alikonline.ir»-ը:

Պատասխանելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հեռախօսազանգին նախագահը պատրաստակամութիւն է յայտնել ամբողջ ներուժն իրացնել՝ կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ու ամրապնդման ուղղութեամբ:

Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւններին, այդ կապերը որակել է, որպէս խորը պատմական բնոյթի եւ կարեւորել է ծրագրաւորման եւ համապատասխան քայլերի ձեռնարկման անհրաժեշտութիւնը՝ հետագայ գործակցութիւնները նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ:

Անդրադառնալով կովկասեան տարածաշրջանում նախորդ օրերի լարւածութեան աճին արձանագրմանը, նախագահ Ռէյիսին շեշտել է, որ կողմերը անհրաժեշտ է հաւատարիմ մնան եռակողմ յայտարարութեան բոլոր կէտերին: Ընդգծելով, որ չլուծւած հարցերը հարկաւոր է կարգաւորել դիւանագիտական երկխօսութեան ճանապարհով: Նա յաւելել է, որ խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման համար լաւագոյն ուղին դիւանագիտական ճանապարհն է:

Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, հայկական կողմին յիշեցրել է, մասնաւորապէս՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ռազմավարական բնոյթի ցուցումները, որն արտայայտել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ընթացքում: Ըստ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի՝ Իրանը զգայուն է աշխարհաքաղաքական սահմանների անվտանգութեան պահպանման հարցին, յատկապէս՝ կովկասեան տարածաշրջանի սահմանների նկատմամբ:

Նախագահը հակազդելով, աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութեանը միտւած ջանքերին, այդ փորձերը անընդունելի է համարել եւ պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու կովկասեան տարածաշրջանի կայունութեան եւ խաղաղութեան հաստատման ուղղութեամբ:

Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին համապարփակ ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին լարւածութիւնները, ապա գոհունակութիւն յայտնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման ձեռնարկւած քայլերի առնչութեամբ, պատրաստակամութիւն յայտնելով նպաստելու, մասնաւորապէս՝ բեռնափոխադրումների եւ տարանցման ընթացակարգերի սահունացման եւ ենթակառուցւածքային ոլորտում կապերի խորացման:

Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենայ «Նաւասարդ» խորագրով հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատօն։

Փառատօնը նախատեսւում է իրականացնել երկու օր: Առաջին օրւայ ընթացքում փառատօնի մասնակից հայկական եւ իրանական թիմերը տաղաւարներում պատրաստում եւ ներկայացնում են իրենց խոհանոցի բազմազանութիւնն ու պատմութիւնը՝ սկսած Ուրարատա-Աքեմենեան ժամանակաշրջանից։ Տեղեկացնում է alikonline.ir-ը։

Մշակութային եւ երաժշտական գօտիներում ներկայացւում է երգ, պար, երաժշտութիւն, արւեստի գործեր, արհեստագործական արտադրանք։ Մինչ փառատօնի վերոնշեալ հիմանական մասը, կազմակերպւում է մրցոյթ մասնակից թիմերի միջեւ տարբեր անւանակարգերով, իսկ փառատօնի աւարտին կատարւում է մրցանակների շնորհման արարողութիւն։

Յաջորդ օրը` օգոստոսի 11- ին, ժամը 03:00-05:00, նախատեսւում է այցելութիւն «Զօրաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով, որտեղ լարային քառեակը կը ներկայացնի նաեւ հայ դասական երաժշտութիւն։ Ժամը 04:00-ին Հայկ համաստեղութեան ծագման պահին ջութակով կը հնչի Կոմիտասի Կռունկը։

Փառատօնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան եւ «Հայ Խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբօսաշրջութեան կոմիտէի աջակցութեամբ, ՀՀ Սիւնիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակութային ժառանգութեան, ձեռնարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան եւ ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակոյթի կենտրոնի հետ համագործակցութեամբ։

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցութեան հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեանն առնչւող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանութեան նախարարը ներկայացրել է նաեւ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանագօտում եւ Արցախում:

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին շնորհաւորել է Վահագն Խաչատուրեանին՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ։

Շնորհաւորական ուղերձում նախագահը Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին երեք տասնամեակի ընթացքում ձեւաւորւած եւ խորը պատմամշակութային կապերի վրայ հիմնւած բարեկամական յարաբերութիւնները համարել է ամուր հիմք երկու երկրների միջեւ համապարփակ յարաբերութիւնների ընդլայնման եւ խթանման համար, ինչպէս նաեւ՝ երկկողմ շահերի ապահովման ուղղութեամբ՝ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան ու անվտանգութեան ամրապնդելու նպատակով: Հաղորդում է «alikonline.ir»-ը: 

Նախագահը յոյս է յայտնել, որ երկու երկրների յարաբերութիւնները նոր փուլ կը թեւակոխեն՝ իրացնելով անցեալի փորձը եւ փոխադարձ կամքն ու ջանքերը:

Յիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը Վահագն Խաչատուրեանին Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրել էր մարտի 3-ին: ՀՀ նորընտիր նախագահը պաշտօնը կը ստանձնի ԱԺ յատուկ նիստում, որը կանցկացւի մարտի 13-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մարտի 3-ին ընդունել է ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առևտրի նախարար Սեյէդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխաւորած պատւիրակութեանը՝ երկու երկրների միջև առևտրային յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամաւորներ, հարաւային իրանահայութեան պատգամաւոր` Ռոբերտ Բեգլարեանը եւ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տէրեանն ու Արշակ Ասլանեանը։

Ողջունելով հիւրերին՝ Վահան Քերոբեանը նշել է․ «Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական յարաբերութիւնները շարունակում են զարգանալ․ 2021 թ.֊ին Հայաստանի առևտրաշրջանառութիւնն Իրանի հետ 25%-ով աճել է, եւ մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Յուսով եմ՝ այցի շրջանակում նախատեսւած հանդիպումներն արդիւնաւէտ կանցնեն եւ կը նախանշւեն նոր համատեղ նախագծեր, որոնք առաւել կը նպաստեն մեր երկու երկրների միջեւ առեւտրային կապերի ուժեղացմանն ու խոշոր ծրագրերի իրականացմանը»։

Ռեզա Ֆաթեմի Ամինն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև ձեւաւորւել են քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի յարաբերութիւններ, եւ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպէսզի տնտեսութեան ոլորտում երկու երկրների փոխգործակցութիւնը նույնպէս հասնի նման բարձր մակարդակի։    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ արտահանումների ծաւալների աւելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, իրանական ընկերութիւնների մասնակցութեամբ արդիւնաբերական աւանի կառուցման հնարաւորութիւնները։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցւածքների բարելաւման,  բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման եւ կանոնակարգման, ինչպէս նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրոյքաչափերի վերանայման հարցերին։

Քննարկւել է նաեւ իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նւազեցման հնարաւորութիւնը։ Այս առնչութեամբ Վահան Քերոբեանը նշել է, որ գործող կարգավորումների շրջանակում ջանքեր կը գործադրւեն խնդիրը կարգավորելու ուղղութեամբ։ 

Վահան Քերոբեանն առաջարկել է իրանական կողմին, բացի Եւրասիական տնտեսական միութիւնից, դիտարկել նաեւ երկու երկրների արտադրանքը դէպի երրորդ երկրներ արտահանելու հնարաւորութիւնները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մեքենաշինութեան ոլորտում համատեղ նախագծերի եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ յատկապէս շեշտադրելով էլեկտրական մեքենաների արտադրութեան հնարաւոր կազմակերպումը։

Քննարկւել են նաև գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցության առաւել հեռանկարային ուղղութիւնները։ Այս համատեքստում Սեյէդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ իրանական կողմը յատկապէս հետաքրքրւած է Հայաստանից դէպի Իրան մանր եղջերաւոր կենդանիների արտահանմամբ։