Աղբիւր՝ www.yerkir.am

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան նախագահութեան անդամ, Բունդեսթագի բիւջէտային հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանին:

Հանրապետութեան Նախագահը ողջունել է հիւրին, բարձր գնահատել նրա գործունէութիւնը հայ-գերմանական երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման գործում եւ շնորհակալութիւն յայտնել Հայոց ցեղասպանութեան ընդունման ու դատապարտման ուղղութեամբ նրա հետեւողական ջանքերի համար: «Յարգելի՛ պարոն Նիթան, Հայաստանում քաջածանօթ են Ձեր գործունէութեանը, յատկապէս, ինչ վերաբերում է պատմական արդարութեան վերականգնման եւ իրերն իրենց անունով կոչելու Ձեր ջանքերին: Ձեր պարագայում դա առաւել քան գնահատելի է, որովհետեւ Դուք, լինելով Գերմանիա-Թուրքիա յարաբերութիւնների զարգացման կողմնակից, այդուհանդերձ, շատ յստակօրէն Ձեր ձայնը բարձրացրիք եւ պայքարեցիք, որպէսզի Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանութեան փաստը` այդպիսով Ձեր ներդրումն ունենալով ընդդէմ ցեղասպանութիւնների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման համամարդկային պայքարում»,-ասել է Հանրապետութեան Նախագահը:

Հանդիպման ժամանակ Նախագահը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսթագի պատգամաւոր Դիթմար Նիթանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով:

Դիթմար Նիթանը Հանրապետութեան Նախագահից շնորհակալութեամբ ընդունելով բարձր պարգեւը` մէջբերել է յայտնի ցեղասպանագէտ Էլի Վիզելի խօսքերը` «Ով մոռանում է զոհերին` սպանում է նրանց երկրորդ անգամ» եւ ընդգծել, որ, իր համոզմամբ, բոլորը պէտք է ջանան ներդրում ունենալ աշխարհում խաղաղութեան, փոխըմբռնման, հաշտութեան հաստատման եւ արդարութեան վերականգնման գործում: Նա վստահեցրել է, որ ամէն ինչ կանի, որպէսզի իր ջանքերը կէս ճանապարհին չմնան, եւ հայ ժողովրդի դէմ իրականացւած ցեղասպանութիւնը երբեք չմոռացւի:

Հանրապետութեան Նախագահը յաջողութիւն է մաղթել Դիթմար Նիթանին եւ յոյս յայտնել, որ նա իր ակտիւ գործունէութեամբ կը շարունակի այսուհետ եւս ամրապնդել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկայ բարեկամական յարաբերութիւնները: