Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը հարցազրոյց է տուել ամերիկեան հեղինակաւոր New York Times-ին:

Հարցազրոյցի ընթացքում Վեհափառը խօսել է Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու պահանջով Թուրքիայի ՍԴ ներկայացուած հայցի եւ Օբամայի ապրիլքսանչորսեան ելոյթի մասին:

New York Times-ի հետ զրոյցում Արամ Ա-ն յայտնել է, որ թուրք իրաւապահների կողմից հայցի մերժման դէպքում Թուրքիայի եւ 10 միլիոնանոց հայկական Սփիւռքի միջեւ բաժանումը կը խորանայ: Նա յաւելել է, որ դատական հայց ներկայացնելու մասին որոշում է կայացրել 30 իրաւաբանի, այդ թւում՝ Թուրքիայից մասնագէտների հետ խորհրդակցելուց յետոյ:

Շեշտելով Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում եկեղեցու մեծ դերը՝ Արամ Ա կաթողիկոսն ասել է. «Կարծում եմ, որ հարիւր տարի անց արդէն վաղուց ժամանակն է, որ մենք շեշտը դնենք փոխհատուցման վրայ»:

«Սա իրաւական առաջին քայլն է: Դրան կը յաջորդեն մեր պահանջները՝ վերադարձնել բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերն ու, վերջապէս, մարդկանց անձնական սեփականութիւնը: Մենք պէտք է քայլ առ քայլ առաջ գնանք»,- ասել է Կաթողիկոսը:

Նշելով, որ Թուրքիայի Ս.Դ.-ն դեռ պատասխան չի տուել իրենց ներկայացրած հայցին, եւ գուցէ դատաւորներն այն անտեսել են, Վեհափառն, այդուհանդերձ,  յիշեցրել է Սիսի (թուրքերէն՝ Քոզան) քաղաքապետ Մուսա Օզթուրքի պատասխանը, թէ՝ «ոչ մի տարածք չունենք` տալու»:

Արամ Ա-ն, ով երբեք չի այցելել Սիսի կաթողիկոսարանի տարածք, յայտնել է նաեւ իր մտավախութիւնը, թէ թուրքական իշխանութիւնները վերացրել են այդ վայրի ինքնութեան հետքը, սակայն, միաժամանակ, շեշտել է. «Դրանք հայկական են: Ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել դրանց սեփականութիւնը, ինքնութիւնը  կամ պատմութիւնը»:

Վեհափառ հայրապետը նշել է,  որ իրենց դիրքորոշումը դատական գործընթացում հակառակ է քրիստոնէական արժէքներից մէկին՝ ներողամտութեանը:

«Ներողամտութիւնը գալիս է, երբ կայ խոստովանութիւն, զղջում, մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր համամարդկային արժէքների եւ հաւատի մի մասն է, բայց նախեւառաջ Թուրքիան պէտք է հաշտուի սեփական անցեալի հետ»,- ընդգծել է նա:

Հարցազրոյցի ընթացքում կաթողիկոսն անդրադարձել է նաեւ Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսեան ելոյթին, որում նա հերթական անգամ խուսափել էր «ցեղասպանութիւն» եզրոյթն արտասանելուց: Կաթողիկոսն ասել է. «Ես վստահ եմ, որ նախագահ Օբաման իր սրտի խորքում գիտի, որ դա Ցեղասպանութիւն է»:

The New York Times պարբերականի հետ զրոյցում եկեղեցու առաջատար փաստաբան Փայամ Ախաւանը, ով Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով իրաւաբաններից է, յայտնել է, որ թուրքական դատարանի կողմից մերժում ստանալու դէպքում հայցը տեղափոխելու են Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:

«Մենք սեփականութեան պահանջ ենք ներկայացրել: Մենք չենք խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը: Մեր պահանջը շատ պրագմատիկ է»,- ասել է նա: