Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով, ուրբաթ՝ Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 10:30-ին, նախագահութեամբ Տ. Արտակ աբղ. Արաբեանի եւ մասնակցութեամբ թեմի հոգեւորականաց դասի Սրբոց բարեխօսութեան աղօթք տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում: Արարողութեան ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. վանքի "Կոմիտաս" երգչախումբը ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:

Այնուհետեւ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցում, որտեղ Հայոց Ցեղասպանութեան զոհերի անմոռաց յիշատակին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին՝ Տ. Արտակ աբղ. Արաբեանը, Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ասարզադեգանը, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ազգային մարմինները, միութիւնները եւ հայոց ագզային դպրոցների պատասխանատուները, 100-ամեակի ոգեկոչման թեմի Կենտրոնական յանձնախումբն ու պահանջատէր հայորդիներ:

Ապա ժամը 11:30-ին, Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը: Երկու ժամ տեւողութեամբ քայլարշաւը ներկաների ուժգին վանկարկումների ներքոյ ընթացաւ Հաքիմ Նեզամի, Բոլւար Մելլաթ, Թոհիդ եւ Արեւելեան Նազար գլխաւոր պողոտաներով:

Վանքի շրջափակում իրականացւած ծրագիրը վարեց Ադրինէ Ղեւեանը:

 

Լուսանկարիչ` Գեւիկ Խաչատրեան