Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Եգիպտոսի «Ալ Ջիհադ» կուսակցութեան առաջնորդ եւ հիմնադիր, բաւական ազդեցիկ շէյխ Նաբիլ Նաեմը «Վիտօ» կայքին տուած հարցազրոյցում բացայայտել է ազգային արխիւի, կամ ինչպէս պաշտօնապէս է կոչւում՝ Եգիպտոսի ինստիտուտի հրկիզման իրական հանգամանքները։

Դեռ Նապոլէոնի ժամանակներում հիմնուած այս եզակի հաստատութիւնում պահւում էին նաեւ Հայոց ցեղասպանութեան մասին եզակի վկայագրեր։ Մեծաքանակ այդ արխիւը ձեւաւորուել է 1915-ից անմիջապէս յետոյ, քանի որ այդ երկիրը եղել է հայկական բեկորների առաջին պատսպարաններից մէկը։ 2011 թուականին դեկտեմբերի 17-ին «Մուսուլման եղբայրներ» խմբաւորման ցուցարարները հրկիզեցին այդ շէնքը, եւ յայտարարուեց, թէ նրանց իրական թիրախը կառավարական յարակից շինութիւնն էր։

Այժմ բացայայտւում է արխիւի խորհրդաւոր հրկիզման գաղտնիքը։ Այդ օրերի անցուդարձին քաջածանօթ շէյխ Նայեմը պնդում է, որ «Մուսուլման եղբայրների» ակտիւիստների այդ գործողութեան թիկունքում եղել է Թուրքիան, որը մի քանի միլիոն դոլար է վճարել հրկիզումը կազմակերպելու համար։ Շէյխն ասել է, որ այդ արխիւում էին պահւում Հայոց ցեղասպանութեան վկայագրերը, դրանով Անկարան փորձեց ազատուել իր դէմ եղած այդ նիւթերից, ու հարկ է, որ Եգիպտոսը դրա համար պատասխանատուութեան կանչի Թուրքիային։