Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի հանրապետութեան նախագահին հրաւիրել է սոյն թուականի ապրիլի 24-ին ներկայ լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարիւրամեակի յիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է յղել, որում մասնաւորապէս ասուած է.

«Յարգելի պարոն նախագահ, ստացայ Գալիպոլիի ճակատամարտի հարիւրամեակի յիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղուած Ձեր հրաւէրը: Յիրաւի, Առաջին աշխարհամարտը մարդկութեան պատմութեան ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնաւոր անմեղ մարդկային կորուստների եւ ճակատագրերի խեղման պատճառ դարձաւ: Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաեւ Օսմանեան կայսրութեան զօրքերի հայազգի հրետանաւոր, կապիտան Սարգիս Թորոսեանը. սպայ, որ նուիրուել էր կայսրութեան պաշտպանութեան ու անվտանգութեան ապահովմանը եւ հաւատարիմ ծառայութեան ու սխրանքների համար Օսմանեան կայսրութեան կողմից արժանացել էր ռազմական պարգեւների: Մինչդեռ, նոյն թուականին իր գագաթնակէտին հասած՝ Օսմանեան կայսրութեան կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապէս ծրագրուած եւ իրականացուած զանգուածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսեանին: Ցեղասպանութեանը զոհ գնացած մէկուկէս միլիոն հայերի թւում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանուեցին, իսկ քոյրը մահացաւ Սիրիայի անապատում: Հէնց նախադէպը չունեցող այդ կոտորածի արդիւնքում էր, որ Ռաֆայէլ Լեմկինը ստեղծեց «ցեղասպանութիւն» եզրոյթը, եւ դրա անպատժելիութիւնն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի եւ Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանութիւնների համար: Ըստ Ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլեւ ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական յարաբերութիւնների առանձնայատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգութեան մասին յիշեցնող խաղաղութեան եւ բարեկամութեան յուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ յայտնի Գալիպոլիի ճակատամարտի նշանակութիւնը կամ Թուրքիայի վիճահարոյց դերակատարութիւնը Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է յիշել, որ խաղաղութիւնը եւ բարեկամութիւնն առաջին հերթին պէտք է հիմնուած լինեն սեփական անցեալի հետ առերեսման խիզախութեան, պատմական արդարութեան, ինչպէս նաեւ համամարդկային յիշողութեան՝ ոչ թէ ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրայ:

Աւա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականութեան իր աւանդական քաղաքականութիւնը եւ տարէցտարի «կատարելագործելով» պատմութեան աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարիւրամեակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դէպքում, երբ դրանք սկսուել են 1915 թուականի մարտի 18-ին եւ շարունակուել մինչեւ 1916 թուականի յունուարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսուել են ապրիլի 25-ին: Ին՞չ նպատակ է սա հետապնդում, եթէ ոչ համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ:

Մինչդեռ, մինչեւ յիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ աւելի կարեւոր պարտականութիւն ունէր սեփական ժողովրդի եւ ողջ մարդկութեան հանդէպ, այն է՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը: Ուստի, խորհուրդ կը տայի համաշխարհային խաղաղութեանն ուղղուած Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղերձ յղել աշխարհին՝ ոգեկոչելով մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը: Իւրաքանչիւրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթիւրումից զերծ իրական պատմութիւնը՝ այդ կերպ կանխելով ոճրագործութիւնների կրկնութիւնն ու հող նախապատրաստելով ազգերի, յատկապէս հարեւան ազգերի միջեւ մերձեցման եւ յետագայ համագործակցութեան համար:

Հ.Գ. Ձերդ Գերազանցութիւն, դեռեւս մի քանի ամիս առաջ հրաւիրել եմ Ձեզ Երեւան՝ 2015 թուականի ապրիլի 24-ին միասին յարգելու Հայոց ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակը: Մեզ մօտ ընդունուած չէ հիւրընկալուել հրաւիրուողին՝ առանց սեփական հրաւէրի պատասխանը ստանալու»: