Աղբիւր՝ www.asbarez.com

 

Մինչեւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը, սպանական «Վեգա Մեդիա Փրես» լրատուական միջոցի Հայկական բաժինը սպանախօս երկրներին ներկայացնելու է Մեծ եղեռնի վերաբերեալ մի քանի տասնեակ հեղինակների ստեղծագործութիւններ, յօդուածներ:

Ըստ «Արմէնփրես»-ի, նախաձեռնութեան հեղինակ Արթուր Ղուկասեանը շեշտել է, որ յօդուածաշարը շատ լաւ առիթ է, որ օտարները խօսեն Հայոց ցեղասպանութեան եւ նրա միջազգային ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտութեան մասին: «Այս յօդուածների շնորհիւ ոչ միայն Սպանիայի, այլ սպանախօս երկրների մէջ քննարկուելու է հարցը, ներկայացուելու է հայ ժողովրդի պատմութեան ամենից ողբերգական էջը, եւ այդ երկրների համայնքները տեղեակ են ինելու մէկ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւններին մասին»,- յայտնել է Արթուր Ղուկասեանը, աւելացնելով, որ յօդուածաշարը շարունակուելու են լոյս տեսնել մինչեւ 24 ապրիլ 2015:

Սպանիայի, Ուրուկուէյի, Արգենտինայի, Նիքարակուայի, Դոմինիկեան հանրապետութեան, Չիլիի եւ մի շարք այլ երկրների մի քանի տասնեակ հեղինակներ արդէն յօդուածներ են գրում Հայոց ցեղասպանութեան մասին:

Ուրուկուէյցի գիտնական Գոնզալօ Փերերան «Ես նոյնպէս հայ եմ» յօդուածաշարի մէջ խօսում է Հայոց ցեղասպանութեան եւ թուրքերի վերջին զոհերից՝ Հրանդ Դինքի մասին: «Արդարութիւն» խորագիրը կրող պատմուածքով, արգենտինացի գրող Լուչիանօ Անդրէս Վալենսիան պատմում է Սողոմոն Թեհլիրեանի մասին: Ֆրանսացի-մեքսիքացի պատմաբան Ժան Մէյէրը «Մահուան Եզրին» վերլուծական յօդուածում ներկայացնում է Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածների վկայութիւնները: Մ.Ա.Կ.-ի ընդհանուր քարտուղարին բաց նամակով դիմել է Մեծ եղեռնին նուիրուած եռագրութեան հեղինակ, սպանացի գրող Գոնզալօ Կուարչը:

«Վեգա Մեդիա Փրես»-ի հայկական բաժինի ղեկավարի համաձայն, նախատեսուում է յառաջիկային յօդուածաշարը ներկայացնել նաեւ գրքի տեսքով: «Արձագանգները շատ են, դրական եւ ոգեւորիչ: Օրական մի քանի տասնեակ նամակ են ստանում: Այդ նամակների հեղինակները ոչ միայն հայեր են, այլեւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Սա շատ կարեւոր է նաեւ սպանական հանրութեան համար, քանի որ Սպանիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը»,- պատմում է Արթուր Ղուկասեանը: