Աղբիւր՝ www.asbarez.com

 

Իտալիայի Ծերակոյտի տան մէջ, երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցաւ «Հայերը. Ցեղասպանութիւն եւ Իտալական՝ 20-րդ դար» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովին, որ կազմակերպւել էր Իտալիայի երկու պալատների կողմից ձեւաւորւած Հայաստանի հետ բարեկամութեան խումբը՝ Իտալիայի մօտ Հ.Հ.-ի դեսպանութեան հովանու ներքոյ, ներկայ էին իտալացի ծերակուտականներ եւ երեսփոխաններ, հասարակական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ եւ իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջոյնի խօսքով ներկաներին դիմեցին բարեկամութեան խմբի խորհրդի նախագահ, ծերակուտական Էմիլիա Կրացիա է բիազին, փոխնախագահ, երեսփոխան Ֆլաւիա Նարդելլի Փիքոլին, խմբի անդամ պատգամաւոր Սանդրա Զամփանը, ինչպէս նաեւ Իտալիայի մօտ Հ.Հ.-ի դեսպան Սարգիս Ղազարեանը:

Գիտաժողովի բանախօսներն էին ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պատմագիտութեան դասախօս, փրոֆեսոր Մարչելօ Ֆլորեսը, Հռոմի Լումսա համալսարանի դասախօս փրոֆեսոր Փաուլօ Աքանֆորան, յայտնի գրող, Փադովայի համալսարանի իտալական արդի գրականութեան դասախօս, փրոֆեսոր Անթոնիա Արսլանը, Բոլոնիայի համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչ Գաբրիէլա Ուլուհոջեանը եւ Իտալիայի հայերի միութեան նախկին նախագահ, Միլանի ու Թրենթոյի համալսարանների ընկերաբանութեան դասախօս, փրոֆեսոր Յակոբ Մանուկեանը:

Ծերակուտական դէ Բիազին ընթերցեց Իտալիայի նախագահի գլխաւոր քարտուղար Դոնաթօ Մարոյի՝ նախագահ Նափոլիթանոյի եւ Ծերակոյտի նախագահ Փիեթրօ Կրասոյի անունով՝ գիտաժողովին յղւած ողջոյնի ուղերձները, որոնց մէջ շեշտւում էր 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մէկի վերաբերեալ գիտաժողովի կայացումը եւ դարերի արմատներ ունեցող հայ-իտալական բարեկամական յարաբերութիւնները:

Ծերակուտական դէ Բիազին իր խօսքում անդրադարձաւ իսլամականների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարման եւ յայտարարեց, որ իրաւունք է վերապահում ինքն իր անձին՝ Իտալիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների անունով դատապարտելու այդ բարբարոսութիւնը եւ համերաշխութիւն յայտնելու հայ ժողովրդին:

Դեսպան Սարգիս Ղազարեանը շնորհակալութիւն յայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին եւ բանախօսներին, ներկաներին, որոնց շարքին՝ Հռոմի դպրոցներից մէկի աւարտական դասարանի աշակերտներին եւ նրանց ուսուցչուհուն, ովքեր 2013-2014 ժամանակաշրջանին մի ժապաւէն են պատրաստել Հայոց ցեղասպանութեան մասին: