Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնաւուրը հարցազրոյց է տւել «The Hollywood Reporter»-ին, որի ընթացքում պատասխանել է որպէս դեսպան իր դերի վերաբերեալ հարցին:

Յիշեցնենք, որ երգիչ-երգահանը 2009 թւականի մայիսից Շւէյցարիայում Հայաստանի դեսպանն է:

«Ես կարող եմ ակտիւ լինել դիւանագիտութեան մէջ, օրինակ, մենք 12.000 մարդ ենք Սիրիայից բերել Հայաստան: Մենք պէտք է նրանց դուրս հանենք երկրից, որովհետեւ նրանք կը սպանւեն քրիստոնեայ լինելու համար»,- ասել է նա՝ յաւելելով, որ խօսքը միայն հայերի մասին չէ, այլեւ՝ եզդիների եւ քրդերի:

«Ես ինքնուրոյն եմ աշխատում եւ յետոյ նոր եմ ասում մարդկանց, թէ ինչ եմ արել: Ես չեմ հարցնում նախագահին՝ ինչ պէտք է անեմ: Մտածում եմ՝ դա չափազանց բարդ կը լինէր: Օրինակ՝ առաջիկայում հանդիպում ունեմ Թուրքիայի դեսպանի հետ (հաւանաբար՝ Շւէյցարիայում Թուրքիայի դեսպանի- tert.am): Ես չեմ ցանկանում ասել այդ մասին գնալուց առաջ, որովհետեւ նրանք կասեն՝ «Մի՛ արայ դա», «Մի՛ գնայ այնտեղ», իսկ ես ուզում եմ ազատ մարդ լինել: Խնդիրներ կան ոչ միայն թուրքերի հետ, որոնք չեն ուզում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, այլ նաեւ որոշ հայերի հետ, որոնք չեն ուզում, որ ես բարեկամական լինեմ թուրքերի հետ: Ես ոչ մի բան չունեմ նրանց դէմ, որովհետեւ նրանք չեն արել ցեղասպանութիւնը, դա արել են նրանց պապերը»,- յայտարարել է Ազնաւուրը: Նա յաւելել է նաեւ, որ շուտով կը լրանայ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը, սակայն թուրքերը դեռ չեն ճանաչում այդ փաստը, եւ ինքը, եթէ ինչ-որ ձեւով կարողանայ օգնել այդ հարցում, կանի դա: «Ես յուսով եմ, որ կարող եմ օգնել, որպէսզի այս երկու երկրների միջեւ մի բան տեղի ունենայ»,- ասել է նա:

Ազնաւուրը նաեւ խօսել է «Ազնաւուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի մասին՝ նշելով, որ մարդասիրական աշխատանքի համար նա ամէն ինչ ինքնուրոյն է անում, բարեգործական համերգներ է ունենում, որոնց ընթացքում հազարաւոր տոմսեր են վաճառւում, եւ գումար է գոյանում:

«Ես նւիրատւութիւն չեմ խնդրում որեւէ մէկից: Դա բխում է իմ սրտից: Ես ամէն տարի այցելում եմ Հայաստան՝ պարզելու, թէ ինչի կարիք կայ, անյետաձգելի կարիք: Մենք կառուցել եւ վերանորոգել ենք 47 դպրոց եւ 3 վիրաբուժութեան կենտրոն»,- ասել է նա: