Աղբիւր՝ www.alikonline.ir

Երէկ երեկոյեան փետրւարի 23-ին «Շիրազէ» հրատարակչութեան միջոցով «Խանէյէ Վարդան» կենտրոնում տեղի ունեցաւ «Հայերը եւ Իրանի Սահմանադրական շարժումը» գրքի շնորհանդէսը։ Գրքի հեղինակն է Հուրի Բերբերեանը, իսկ թարգմանիչներն են Սամիէ Ջորզին եւ Հոսէյն Ալիփանահը:

Շնորհանդէսի սկզբում «Շիրազէ» հրատարակչութեան տնօրէն տկն. Ջալալին անդրադառնալով գրքի պարսկերէն թարգմանութեան յանձնելու անհրաժեշտութեանը եւ ընդգծեց. «Քանի որ ընդհանրապէս շատ քիչ է անդրադարձւել Իրանում հայերի դերակատարութեան մասին, ուստի համախորհուրդ մի քանի իրազեկ անձանց հետ մտածեցինք թարգմանել եւ հրատարակել նշեալ գիրքը։

Շնորհանդէսին, որպէս դասախօսներ հրաւիրւել էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ համալսարանի դասախօս դոկտ. Էլհամ Մալեքզադէն։

Որպէս առաջին դասախօս դոկտ. Էլհամ Մալեքզադէն անդրադարձաւ նախ Իրանում իրանահայերի դերակատարութեանը եւ ծանրացաւ գրքի այն բաժնին, որը անդրադարձել է Սահմանադրական շարժման տարիներին հայ կանանց դերակատարութեանը։ Նա գնահատանքով անդրադարձաւ, որ Իրանում կանանց առաջին միութիւնը կազմաւորել են իրանահայերը եւ համապարփակ տողերով ներկայացրեց 1906 թւականին Իրանում Հայ կանանց բարեգործական ընկերութեան հիմնադրմանը եւ կարեւորեց Սահմանադրական շարժման տարիներին հայ կանանց հասարակական աշխատանքները, նաեւ այն հանգամանքը, որ նոյնիսկ Եփրեմ խանի կինը Անահիտը այդ օրերին ծառայել է, որպէս բուժքոյր: Նա նաեւ ամփոփ տեղեկութիււններ տւեց Հայ կանանց բարեգործական ընկերութեան ներկայումս ծաւալող բարեսիրական աշխատանքների վերաբերեալ:

Օրւայ երկրորդ դասախօս դոկտ. Խանլարեանը յոյս յայտնեց, որ Իրանում Սահմանադրական շարժման հարցով իրանահայերի իրական դերը էլ աւելի արտացոլւի: Նա ընդգծեց, որ այս պատմական իրադարձութիւնը ներկայացնելու առումով Իրանցի եւ իրանահայ պատմաբաններ եւս իրենց կարելին փորձել են եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի պատմական եւ քաղաքական իրադարձութիւններում իրանահայութեան դերակատարութեան մասին: Նա մէջբերումներ կատարեց Սահմանադրական շարժման ժամանակ իրանցի պետական այրերի եւ հոգեւորականների կողմից իրանահայերի դերակատարութեան մասին դրական անդրադարձներին: Պատգամաւորը մանրամասն անդրադարձաւ ժամանակին հայ կանանց հաւաքազօրային կոչին, որպէսզի իրենց ոսկիներով եւ նիւթական կարողութիւններով եւս նպաստեն Իրանի Սահմանադրական շարժմանը եւ կարեւորելով Եփրեմ խանի դերը, անդրադարձաւ նրա նահատակութեանը:

Ելոյթներից յետոյ կատարւեց գրքի շնորհանդէսը: