Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի խորհրդարանում բանավէճ է եղել քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանի եւ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի օգնական Հաքան Չաւուշօղլուի միջեւ:

Ըստ «Ակօս»-ի` Փայլանը դէմ է արտայայտւել 2018-ի պետական վճարների քննարկումների ընթացքում Չաւուշօղլուի յայտարարութեանը, թէ երկրի քրիստոնեայ փոքրամասնութիւնները «Մեր կողմից երաշխաւորւած աւանդներ են»:

«Երկրում մնացած փոքրամասնութիւնները մեզ համար աւանդ են: Պոլսում բնակւող փոքրամասնութիւնները աւանդ են մեր պետութեան համար, ինչպէս որ Արեւմտեան Թուրքիայի իսլամ փոքրամասնութիւնները աւանդ են Յունաստանի համար»,- ասել է վարչապետի օգնականը:

Նա նաեւ անդրադարձել է հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ կատարւած աշխատանքներին, ապա, դիմելով Փայլանին, հարցրել, թէ «Արդեօք Հայաստանը նոյնն անում  իր հողերում գտնւող թուրքական մշակութային կոթողների համար»:

Փայլանն իր ընդվզումը բացատրել է հետեւեալ խօսքերով. «Դժբախտաբար, կառավարութիւնն ու նրա հետ ամբողջ պետական համակարգը վերջին երկու տարիների ընթացքում որդեգրել են պետութեան նախկին մտածելակերպը: Այժմ լսում ենք այնպիսի խօսքեր, որոնց արդէն սովոր ենք մեր մանկութեան տարիներից: Ես այդ օրը նախարարին յայտնեցի, որ մենք ո՛չ աւանդ, ո՛չ էլ պատանդ ենք:  Մենք քաղաքացիներ ենք, քաղաքացիներ, որոնց հազարաւոր տարիներ է` բնակւում են այս հողերում: Պետութիւնը ստիպւած է մեզ հետ իր յարաբերութիւններում որդեգրել համաշխարհային սկզբունքների թելադրած կանոնները: Պետութիւնը պէտք է քաջատեղեակ լինի փոքրամասնութիւնների խնդիրներից: Եթէ Յունաստանն իր երկրի փոքրամասնութիւնների դէմ անարդար լինի, թուրքական պետութիւնն էլ այստեղ մեր նկատմամբ է անարդարութիւն անելու: Թուրքիան առաջինն էր, որ շեղւեց Լոզանի դաշնագրով պահանջւածից: Ունեւորութեան տուրքի գործադրումը, փոքրամասնութիւններին պատկանող դպրոցների իրաւունքների յափշտակումը, պատրիարքարանի վիճակը: Ես Թուրքիայի Հանրապետութեան պատգամաւորն եմ: Չէք կարող ինձանից Յունաստանի կամ Հայաստանի մերժողական քաղաքականութեան համար հաշիւ պահանջել: Թուրքիան պէտք է իր քաղաքականութեամբ արդար գործի, որպէսզի ես էլ ձեզ հետ Յունաստանի կամ Հայաստանի բացասական գործունէութեան դէմ պայքարեմ»:

Փայլանը նաեւ անդրադարձել է պատրիարքական եւ համայնքային հաստատութիւնների ընտրութեան խնդրին` շեշտելով, որ հայ համայնքն ունի խնդիրներ, որոնք շտապ լուծումների կարիք ունեն: «Պէտք է շուտով կայանայ պատրիարքի ընտրութիւնն ու պատրաստւած նոր կանոնագրի հիման վրայ ձեռնարկւեն համայնքային հաստատութիւնների ընտրութիւնները»,- ասել է նա: