Աղբիւր՝ www.hyeli.com

 

Պատմական Աղւանքի կենտրոն Նուխին (ներկայիս Ադրբեջանի Շաքի քաղաք), որը Ադրբեջանի երկրորդ զբօսաշրջային քաղաքն է, զարգանում է դեռեւս կանգուն հայկական պատմական եկեղեցիների շնորհիւ:

Աշխարհի տարբեր ծայրերից զբօսաշրջիկներին, այլ պատմական յուշարձաններ չունենալու պատճառով, այդտեղ ցուցադրում են շրջանի տարածքում գտնւող հարիւրաւոր եկեղեցիները, «Արցախպրես»-ի փոխանցմամբ հարցազրոյցի ընթացքում խոստովանել է Շաքիի զբօսաշրջութեան տեղեկատւական կենտրոնի տնօրէն Նասիբ Իմամալիեւը: «Շաքին գտնւում է Կովկասեան լեռնաշղթայի հարաւային գեղատեսիլ անտառապատ ստորոտին: Բացի իր գեղեցիկ բնութիւնից, Շաքին օտարերկարցիներին գրաւում է նաեւ իր բազմաթիւ պատմական յուշարձաններով, որոնց մեծ մասը քրիստոնէական եկեղեցիներն են»,- ասել է Իմամալիեւը:

Ադրբեջանցի պաշտօնեան նշում է, որ այդ եկեղեցիները աղւանական են` նոյնութեամբ կրկնելով Ադրբեջանի պաշտօնական շրջանակների կողմից հայկական յուշարձաններն աղւանական ներկայացնելու կեղծ տեսակէտը: Պատմական փաստ է, որ Աղվանքը վաղ միջնադարից սկսած գտնւել է Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր ազդեցութեան տակ, եւ այդ տարածքում կառուցւած բոլոր եկեղեցիները հայկական ծագում ունեն:

Պատմական Նուխիի շրջանում ամենահին եկեղեցին Քիշ (քեշիշ` տէրտէր բառից) գիւղի փոքրածաւալ է: Այն վերանորոգւել է նորւեգական հիմնադրամի միջոցներով: Վերանորոգման ժամանակ ադրբեջանցիները վերացրել են եկեղեցու վերաբերեալ գմբեթի տակ հայատառ բոլոր գրութիւնները, որպէսզի թաքցնեն նրա հայկական ծագումը: Այժմ էլ արտասահմանցի զբօսաշրջիկներին այն ցուցադրում են որպէս աղւանական մատուռ:

«Շաքիի ամէն անկիւնում, գիւղերում կարելի է աղւանական մատուռների, եկեղեցիների հանդիպել: Քիշ գիւղի մատուռը համարւում է աշխարհի նշանաւոր պատմական յուշարձաններից մէկը»,- նշել է Իմամալիեւը:

Նուխի քաղաքում, մինչեւ 1988 թւականի յայտնի իրադարձութիւնները, երեք հայկական եւ մէկ ռուսական եկեղեցիներ կային: Քաղաքում կար նաեւ 19-րդ դարում կառուցւած մէկ սունի եւ մէկ շիա մզկիթ: Նուխիի շրջանի բազմաթիւ գիւղերում մինչ վերջերս պահպանւում էին հայկական հետքերը` եկեղեցիների, մատուռների, սրբավայրերի տեսքով, որոնց մեծ մասը կիսաքանդ վիճակում էին: